Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021 թվականի ընթացքում զոհված զինծառայողների 70-ից ավելի ընտանիքներում երեխաներ են ծնվել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը հաստատելու մասին նախագիծը։

Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ այս նախագծով իրենք հնարավորություն կտան, որպեսզի զոհված (մահացած) զինծառայողների ծնողների վերարտադրողական բուժօգնության ծառայությունները դառնան ավելի նպաստավոր և շահավետ։

«Նշեմ, որ գործող կարգավորումներով՝ զոհված և մահացած զինծառայողների ծնողներին տրամադրվում են որոշակի սահմանափակ հնարավորություններ՝ օգտվելու անվճար կամ արտոնյալ վերարտադրողական բուժօգնության ծառայություններից, սակայն դրանք ամբողջապես չեն ծածկում ծախսերը։ Օրինակ՝ չեն ծածկում փոխնակ մոր ծառայությունների, դոնորական ծառայությունների ծախսերը և կարող եմ նշել, որ այս նախագծի անհրաժեշտությունը նաև բխում է այն հանգամանքից, որ վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ այս պահին բազմաթիվ ծնողներ, որոնք որոշում են կայացրել նոր զավակներ ունենալ, բայց քանի որ այդ ծառայությունները բավականին  թանկ են, չեն կարողանում իրականացնել իրենց այդ  որոշումը։ Ուստի այս նախագծի ընդունման պարագայում, նշված ծառայությունների համար վերին շեմի կիրառմամբ, ծախսերն ամբողջությամբ կիրականացվի պետության կողմից։ Մասնավորապես, փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավել քան 5,5 միլիոն դրամը և դոնորական ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 600 000 դրամը»,-ասաց նախարարը։ 

Վարչապետն էլ հիշեցրեց, որ այս հարցին ինքն անդրադարձել է իր ամանորյա ուղերձի ընթացքում և պետք է ասել, որ սա պարզ հարց չի, որովհետև նման քննարկումներ իրենք տարբեր ժամանակներում ունեցել են, բայց  հարցը բազմաթիվ նրբություններ ունի, այդ թվում՝ էթիկական նրբություններ և կողմեր, և իրենք այս որոշումներին մոտեցել են փուլ առ փուլ։ 

«Նաև մեր զոհված զինծառայողների ծնողների հետ ամենատարբեր շփումների քննարկումների արդյունքում, որոշումները կայացրել ենք այն ժամանակ, երբ որ համոզվել ենք, որ իրենք են նախաձեռնողը, իրենք են բարձրացնում, որ այսպիսի հարցեր կան և ակնկալում են, որպեսզի կառավարությունը լուծի և սա շատ կարևոր նրբություն է»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ 2021 թվականի ընթացքում զոհված զինծառայողների 70-ից ավելի ընտանիքներում երեխաներ են ծնվել և կարծում է, որ սա շատ խորհրդանշական, արժեքային և գաղափարական նշանակություն ունեցող փաստ է։

«Եվ կրկին իմ խոնարհումը և հարգանքի տուրքը այն ծնողներին, որոնք նման որոշում են կայացրել»,- եզրափակեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։