Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զոհվածների ընտանիքների բնակպայմանների բարելավման 14 դիմում Երևանի քաղաքապետը հաստատել է, 29-ը մերժել՝ Կառավարության որոշման հիման վրա

Զոհվածների ընտանիքների բնակպայմանների բարելավման 14 դիմում Երևանի քաղաքապետը հաստատել է, 29-ը մերժել՝ Կառավարության որոշման հիման վրա
Հասարակություն
18:43, 14 январь 2022
Հունվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվել է որոշում, համաձայն որի՝ քաղաքապետի 103-Ա որոշմամբ մերժվել են Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային հաշվառման դիմումները։ 

Լուրը հայտնվեց նաև մի շարք լրատվականներում։

Civic.am-ը Երևանի քաղաքապետարանից փորձեց պարզել, թե խոսքը բնակարանային ինչ բարելավումների մասին է, և ինչո՞ւ են շահառուների դիմումները մերժվել։ 

Քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ խոսքը Կառավարության 1419-Ն որոշման մասին է, որը բնակպայմանների բարելավման հաշվառման կարգն է սահմանում։ Այդ կարգի համաձայն՝ զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամները և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող առաջին  և երկրորդ խմբի հաշմանդամները՝ բացառությամբ երրորդ խմբի, իրավունք ունեն բնակպայմանների բարելավման հաշվառման վերցվել այն համայնքներում, որտեղ փաստացի հաշվառված են եղել զոհված զինծառայողի ընտանիքի դեպքում զոհվելու օրվա դրությամբ, իսկ հաշմանդամը՝ հաշմանդամություն ձեռք բերելու օրվա դրությամբ։

Քաղաքապետարանի համապատասխան բաժնից մեզ ասացին, որ բոլոր դիմումները քննում  է բնակհանձնաժողովը։ Կառավարությունը հստակ սահմանում է, թե համայնքը ում իրավունք ունի վերցնելու հաշվառման, իսկ ում՝ ոչ։ Օրինակ՝ այն զինհաշմանդամը, ով հաշմանդամություն ձեռք բերելու օրվանից առաջ հինգ տարվա ընթացքում ունեցել է գույք կամ այն օտարել է՝ խոսքը բնակելի նպատակային նշանակության մասին է, այդ կարգավիճակի շահառուին քաղաքապետարանը իրավունք չունի հաշվառելու։ 
 
Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքապետարանը մերժել է դիմումները, քանի որ Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշման համաձայն՝ քաղաքապետարանը իրավունք չի ունեցել այդ դիմումատուների դիմումները հաստատելու։ 

Միաժամանակ նշենք, որ թվով 14 դիմումատուների դիմումները դրական եզրակացություն են ստացել, որոնցից 10-ը զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ են, իսկ 4-ը՝ զինհաշմանդամ։ Մերժվել է 29 դիմում։ 

Տեղեկացնենք, որ հաշվառվելուց հետո, հաջորդ եռամսյակի ընթացքում, համայնքապետարանները ցուցակներն ուղարկում են պաշտպանության նախարարություն։ Ցուցակները կրկին ուսումնասիրվում են ՊՆ-ում, ապա, եթե որևէ խախտում, բացթողում չի հայտնաբերվում, և ՊՆ-ի կողմից ևս դրական որոշում է կայացվում, շահառուները ապահովվում են կա՛մ բնակարանով, կա՛մ բնակարան ձեռք բերելու  սերտիֆիկատով։

Վովա Հակոբյան