Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարորդը մեքենա վարելու իրավունքից զրկված է եղել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել երեկվա ողբերգական դեպքից

Վարորդը մեքենա վարելու իրավունքից զրկված է եղել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել երեկվա ողբերգական դեպքից
Հասարակություն
21:22, 14 январь 2022
ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Երևանում երեկ գրանցված ողբերգական դեպքից, երբ մեքենա էր պայթել, ներսում եղել էր մոխրացած դի, կոտրվել էին հարակից շենքերի պատուհանները:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 2431 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ 2022թ. հունվարի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած ավտոպատահարի և դրա հետևանքով առաջացած հրդեհի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 76-ամյա տղամարդը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում Երևան քաղաքի Հ. Հովսեփյան փողոցում իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենային, որից հետո հասնելով Հ. Հովսեփյան և Արտաշիսյան փողոցների խաչմերուկ՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել շենքերից մեկի դիմաց գտնվող գազատար խողովակին:

Արդյունքում գազի արտահոսքից առաջացած հրդեհից բռնկվել է «Օպել» մակնիշ ավտոմեքենան, որի հետնամասի նստատեղին գտնվող անձն ամբողջովին այրվել է, իսկ 76-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Հրդեհի արդյունքում ջերմահարվել են Արտաշիսյան փողոցի շենքերի արտաքին հատվածները:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, առգրավվել են վարորդի հագուստները: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ավտոմեքենայում գտվող մահացած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: