Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուրցաձորի նախկին գյուղապետի տղան «Նիվայով» հարվածել է ոստիկանապետի տեղակալի «Տոյոտային», ապա սպառնալիքներ հնչեցրել

Ուրցաձորի նախկին գյուղապետի տղան «Նիվայով» հարվածել է ոստիկանապետի տեղակալի «Տոյոտային», ապա սպառնալիքներ հնչեցրել
Հասարակություն
18:42, 15 январь 2022
Այսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Ուրցաձոր գյուղի Տիգրան Մեծի փողոցում՝ Ուրցաձորի գյուղապետարանի և դպրոցի մոտ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային։

Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Ըստ աղբյուի տեղեկությունների՝ «Տոյոտան» հաշվառված է ոստիկանության Արարատի մարզային վարչության հաշվեկշռում և այն սպասարկում է ոստիկանության Արարատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հայկ Ստեփանյանին, իսկ «Նիվան» վարել է Ուրցաձոր գյուղի նախկին գուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի որդին՝ Դավիթ Անդրեասյանը, ով և նրա հետ գտնվող ևս 1 հոգի բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։ 

Նիվայում հայտնաբերվել է զենք-զինամթերք։ Տեղի ունեցածը ավտովթար է, թե այլ հանցագործություն, կպարզվի նախաքննության ընթացքում, որը վարում է Արարատի մարզային քննչական վարչությունը։ Երկու ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Լսեցինք, որ վթար է էղել, մեկ էլ էն տեսանք, որ Նիվայի միջից գյուղապետի տղեն դուրս էկավ, հարձակվեց ոստիկանների վրա, թե՝ դուք էդքան կա՞ք, որ էկել եք մեր գյուղ, հերիք չի, մի հատ էլ ուզում եք պապայիս տանեք։ Ձեզ ո՞վ ա թույլատրել հորս հետևից գաք ու էդքան կա՞ք, որ հորս տանեք քաղմաս»։ Ֆոտոլրագրողի հարցին, իսկ գուցե ձեզ թվացե՞լ է, որ նախկին գյուղապետի տղան է եղել, նրանք ասում էին.«Հո մենք ուղեղից կախ չե՞նք։ Ի՞նչ ա, չե՞նք ճանաչում մեր նախկին գյուղապետի տղուն»։