Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ինձ պետք ա, որ իմ ոչխարը հետ տան՝ տունս պահեմ, 3,2 մլն դրամ վարկով եմ առել, վարկն էլ դեռ չեմ փակել»․ Տեղ գյուղի հովիվն ադրբեջանական կողմից հետ է ուզում իր 280 ոչխարներին

«Ինձ պետք ա, որ իմ ոչխարը հետ տան՝ տունս պահեմ, 3,2 մլն դրամ վարկով եմ առել, վարկն էլ դեռ չեմ փակել»․ Տեղ գյուղի հովիվն ադրբեջանական կողմից հետ է ուզում իր 280 ոչխարներին
Հասարակություն
17:10, 17 январь 2022
Օրերս ադրբեջանական կողմում հայտնված և հետ վերադարձված Տեղ գյուղի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը խնդրում է ռուս խաղաղապահներին հետ վերադարձնել նաև իր ոչխարներին։

Civic.am-ի հետ զրույցում 54-ամյա Սուրիկ Մաթևոսյանը պատմեց, որ սահմանին նշաններ չլինելու պատճառով է հայտնվել ադրբեջանական կողմում։ Ոչխարներին արածացնելու է տարել Տեղ գյուղի «Անդրու քարեր» կոչվող տեղանքում, որտեղ էլ իրեն մոտեցել են Ադրբեջանի զինծառայողները․ «Տեղանքը մոտ 4 կմ հեռու է մեր տանից, բայց սահման չկա գծած, ես վերևում նստած էի, ոչխարներն էլ ներքևում արածում էին։ Երբ արդեն ոչխարներիս վերցրեցի, որ իջնեմ, Ադրբեջանի զինծառայողներն եկան ոչխարի դեմը կտրեցին ու ինձ տարան իրենց դիրքեր»,-պատմեց մեր զրուցակիցը։

Հովիվի խոսքով՝ ադրբեջանական դիրքում մնացել է 6-7 ժամ, իրեն վատ չեն վերաբերվել, բայց երբ դիրքեր են հասել Ադրբեջանի զինծառայողները մոտ մեկ ժամ հովիվի աչքերն ու ձեռքերը կապել են․ «Հետո իրենց կամանդիրների կողքը տարան, աչքերս ու ձեռքերս արձակեցին, հաց ու երշիկ տվեցին, կամանդիրների հետ թեյ խմեցի։ Ես ասեցի ոչխարների մեջի լավերից մեկը բերեք մորթենք, իրենք էլ ասեցին՝ չի կարելի»։ 

Սուրիկ Մաթևոսյանը նշեց, որ իրեն հարցեր չեն տվել, սպասել է ռուս խաղաղապահների գալուն, որոնց միջոցով էլ հետ է վերադարձվել հայկական կողմին․ «Ինձ պետք ա, որ իմ ոչխարս հետ տան ինձ՝ տունս պահեմ, ես ապրուստի այլ միջոց չունեմ։ Ընդհանուր թվով 280 անասուն է եղել՝ ոչխարներ ու գառներ։ Անասունները 3-4 տարի առաջ գնել եմ վարկով՝ 3մլն 200 հազար գումարով, որ տունս պահեմ, վարկն էլ դեռ չեմ փակել, պետք է գառները վաճառեի, որ վարկս փակեի»։
 
Տեղ գյուղի բնակիչը մեզ ասաց, որ թեպետ ունի երկքաղաքացիություն, այսինքն նաև Ռուսաստանի քաղաքացի է, բայց նախընտրում է ապրել իր ծննդավայրում՝ Տեղ գյուղում․ «Կին, երեխաներ ունեմ։ Ապրում եմ կնոջս ու տղայիս հետ, տղաս հիվանդ է, կնոջս էլ ինսուլտ է խփել։ Ես հայ սահմանապահներին էլ եմ շնորհակալ, համայքնապետին էլ, ռուս խաղաղապահներին էլ՝ ինձ հետ վերադարձնելու համար։ Հիմա էլ խնդրում եմ ոչխարներիս հետ վերադարձնեն, թե չէ ես ո՞նց եմ ապրելու»։ 

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը հայ սահմանապահների ու ռուս խաղաղապահների հետ համագործակցում է, բանակցություններ են ընթանում ոչխարներին օր առաջ ադրբեջանական կողմից հետ վերադարձնելու համար։

Հիշեցնենք, որ Տեղ գյուղի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը հայ-ադրբեջանական սահմանին մոլորվել էր հունվարի 13-ին։

Նարա Մարտիրոսյան