Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արցախ մուտք գործելու կանոնակարգում փոփոխությունները բարձրացնելու են անվտանգությունը»․ Դավիթ Բաբայան

«Արցախ մուտք գործելու կանոնակարգում փոփոխությունները բարձրացնելու են անվտանգությունը»․ Դավիթ Բաբայան
Հասարակություն
15:57, 11 февраль 2021
Արցախի Հանրապետություն մուտք գործելու ընթացակարգի որևէ արմատական փոփոխություն տեղի չի ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի նիստում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի հարցին:

«Մենք շարունակում ենք մուտքի վիզաներ տրամադրել այն երկրների քաղաքացիներին, որոնք պետք է ստանան համապատասխան թույլտվություն: Բացի այդ, կան երկրներ, որոնց քաղաքացիների համար մուտքի վիզա ստանալու պահանջ չկա, սակայն  պարտադիր պետք է, որպեսզի  ներկայանան Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչություն և ստանան համապատասխան փաստաթուղթ, որով թույլատրվում է նրանց մուտքն Արցախ: Այդ գործընթացն առավել կանոնակարգելու անհրաժեշտությունը պայմանավորված է  ռուս խաղաղապահների այն մտահոգությամբ, ըստ որի հնարավոր է Արցախ ներթափանցեն  որոշ ահաբեկչական տարրեր: Եթե, Աստված մի արասցե նրանց հաջողվի Արցախում որևէ գործողություն իրականացնել, ապա այդ  պատասխանատվությունը նաև ռուս խաղաղապահ առաքելության տիրույթում է: Այս համատեքստում մուտքի գործընթացը պետք է առավել կանոնակարգվի: Պահանջվում է, որպեսզի այցելությունից առաջ օտարերկրյա քաղաքացիները ներկայանան ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, որից հետո տվյալները կփոխանցվեն մեզ, իսկ մեկ օր առաջ՝  նաև ռուս խաղաղապահներին: Նրանք առավել մեծ հնարավորություններ ունեն պարզելու՝ տվյալ անձը ընդգրկվա՞ծ  է, արդյոք,  որևէ ահաբեկչական խմբավորման մեջ,  թե ոչ: Առայսօր չի եղել դեպք, որ իրենք ասեն, թե  կասկածներ ունեն և չի կարելի, որպեսզի տվյալ մարդը մուտք ունենա Արցախի Հանրապետություն: Այս կանոնակարգը բարձրացնելու է անվտանգությունը»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ  որևէ կերպ չի սահմանափակվելու սփյուռքահայերի մուտքն Արցախ:

«Պարզապես պետք է 1 օր սպասել, որպեսզի այդ ցուցակը ներկայացվի, և որևէ խնդիր չլինի»,-պարզաբանեց արտգործնախարարը: