Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը դադարեցվելու արդյունքում 150 քրեակատարողական ծառայող փոխադրման կարգով աշխատանքի է անցել այլ ՔԿՀ-ներում

«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների  գործունեությունը դադարեցվելու արդյունքում 150 քրեակատարողական ծառայող փոխադրման կարգով աշխատանքի է անցել այլ ՔԿՀ-ներում
Հասարակություն
15:55, 20 январь 2022
ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1755-Ն որոշման համաձայն՝ 2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեության դադարեցմամբ պայմանավորված՝ նշված ՔԿՀ-ների  բազմաթիվ աշխատակիցներ կանգնած էին աշխատանքը կորցնելու եւ մի քանի տարուց՝ որպես քրեակատարողական ծառայող, կենսաթոշակի անցնելու հնարավորությունից զրկվելու խնդրի առաջ: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, հիմք ընդունելով այս հանգամանքը, հարցում էր հղել Արդարադատության նախարարությանն առ այն, թե  «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ները քանի աշխատակից ունեն, նշված աշխատակիցներից քանիսն են ազատվելու աշխատանքից, քանիսն են տեղափոխվելու այլ աշխատանքի եւ ինչպես է լուծվելու մի քանի տարուց կենսաթոշակի անցնող այն անձանց հարցը, ովքեր պետք է ազատվեն աշխատանքից։

ԱՆ-ից դիտորդական խմբին հայտնել են, որ «Կոշ» ՔԿՀ-ում առկա է 167,իսկ «Հրազդան» ՔԿՀ-ում՝ 120 աշխատակցի հաստիքային միավոր: Այս երկու հիմնարկներում թափուր է եղել 28 հաստիքային միավոր։ Որոշման կարգավորումների համաձայն՝ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը դադարեցվելու արդյունքում 150 քրեակատարողական ծառայող («Հրազդան» ՔԿՀ՝ 47, «Կոշ» ՔԿՀ՝ 103) փոխադրման կարգով նշանակվել է քրեակատարողական այլ հիմնարկների տարբեր ստորաբաժանումների համապատասխան պաշտոններում: 

Քրեակատարողական ծառայության միջին, առաջատար և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող 74 ծառայող («Հրազդան» ՔԿՀ՝ 41, «Կոշ» ՔԿՀ՝ 33) և 8 քաղաքացիական ծառայող («Հրազդան» ՔԿՀ՝ 4, «Կոշ» ՔԿՀ՝ 4) օրենքով սահմանված կարգով գրանցվել է քրեակատարողական եւ քաղաքացիական ծառայությունների կադրերի ռեզերվում: Կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող 35 ծառայող («Հրազդան» ՔԿՀ՝ 13, «Կոշ» ՔԿՀ՝ 22) ազատվել է քրեակատարողական ծառայությունից: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում չեն գրանցվում:

Նախարարությունից հայտնել են նաեւ, որ քրեակատարողական ծառայողներին քրեակատարողական այլ հիմնարկներ վերաբաշխելիս, ի թիվս այլնի, հաշվի է առնվել զինվորական կենսաթոշակ ստանալուն իրավունք տվող ծառայության ժամկետը լրանալուն մնացած ժամանակահատվածը:

ԱՆ-ից միևնույն ժամանակ խնդրել են ընդունել ի գիտություն, որ Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հնարավորություն կտրվի դիմելու եւ անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելու դեպքում աշխատանքի անցնելու այլ ՔԿՀ-ներ՝ հաշվի առնելով քրեակատարողական համակարգում շուրջ 150 թափուր հաստիքային միավորի առկայությունը: