Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին

Մահացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին
Հասարակություն
20:57, 20 январь 2022

Կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհի Մարիամ Տոնյանը: Վաստակաշատ ուսուցչուհին, ով 84 տարի դասավանդել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 102 տարեկան էր:


Այս մասին տեղեկացնում  են  Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից:


Մարիամ Տոնյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հունվարի 21-ին ժամը 17.30- ից, հուղարկավորությունը՝ հունվարի 22-ին ժամը 12.00-ին:


Մարիամ Տոնյանը ծնվել է 1919 թվականին Թիֆլիսում։ Երկու տարեկանից ընտանիքով տեղափոխվել են Երևան և ապրել Աբովյան փողոցում։ Մարիամի հայրը՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմնադիր Արշակ Տոնյանը, ստալինյան բռնապետության ժամանակներում աքսորվել է և այլևս չի վերադարձել։ Հետագայում աքսորվել է նաև Մարիամ Տոնյանի ամուսինը՝ երաժշտագետ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր Կոնստանտին Մելիք-Վրթանեսյանը։


Ավարտել է Երևանի կենտրոնական ցուցադրական դպրոցը, զուգահեռաբար երաժշտական դպրոցը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Ուսման ընթացքում աշխատել է ուսումնարանում։ 84 տարի հարմոնիա է դասավանդել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ դպրոցի հիմնադրման առաջին իսկ օրվանից: