Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անահիտ Ավանեսյանը և Իրանի դեսպանը քննարկել են ներդրումային ծրագրեր և առողջապահական տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր

Անահիտ Ավանեսյանը և Իրանի դեսպանը քննարկել են ներդրումային ծրագրեր և առողջապահական տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր
Հասարակություն
22:44, 25 январь 2022
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
 
Ողջունելով հյուրին՝ Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև երկխոսության հարաճուն մակարդակը` համոզմունք հայտնելով, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստում ձեռք բերված երկուստեք պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շրջափուլ կմտնեն:
 
Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ ճանաչողության մակարդակը բարձրացնելու կարևորությունը` առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը որակական նոր աստիճանի բերելու համար:
 
Հանդիպմանը քննարկվել են ներդրումային ծրագրեր, դեղարտադրության, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր մեթոդների կիրառմամբ մատուցվող նեղ մասնագիտական մի շարք ոլորտներում համագործակցության, առողջապահական տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր:
 
«Դեղագործության ոլորտում հայ-իրանական գործակցության մեծ պոտենցիալն ակնհայտ է: Մենք մշտապես դիտարկում ենք փոխադարձաբար իրանական արտադրության դեղորայքը հայկական շուկայում ներառելու հնարավորությունները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
 

 
Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հետաքրքրվել է Հայաստանում COVID-19-ի դեմ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի արտադրությամբ:
 

 
Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև առողջապահության ոլորտում երկկողմ և տարածաշրջանային կապերի ակտիվացմանն ուղղված այլ ծրագրերի, քննարկել կրթական ծրագրերի ինտեգրման ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր: