Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայ-ռուսական համալսարանը առաջին անգամ հանդես կգա քաղաքական հայտարարությամբ»․ Հենրիխ Մարգարյան

«Հայ-ռուսական համալսարանը առաջին անգամ  հանդես կգա քաղաքական հայտարարությամբ»․ Հենրիխ Մարգարյան
Հասարակություն
17:15, 11 февраль 2021
Այսօր Հայ-ռուսական համալսարանի  պրոֆեսորադասախոսական, կազմը, ուսանողները և շրջանավարտները հավաք են կազմակերպել` համալսարանի հիմնական մասնաշենքի առջև։ Այս մասին երեկ նախապես հայտարարել էր համալսարանի մամուլի խոսնակ Հենրիխ Մարգարյանը, ով Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ  հավաքը կազմակերպվել է ի պաշտպանություն համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի, իսկ  նպատակը  ռեկտորի հանդեպ գործող վարչակազմի կողմից իրականացվող ճնշումների նկատմամբ իրենց անհամաձայնությունն արտահայտելն էր։ 

«Մեր համալսարանում միշտ եղել է ապաքաղաքական մթնոլորտ, և ուսանողները միշտ են իրենց զգացել կրթական միջավայրում։ Մենք այսօր ևս մեկ անգամ վերահաստատեցինք, որ բոլորս պաշտպանում ենք այդ մթնոլորտը և դրվածքը, որը կա համալսարանի հիմնադրման օրվանից»,- նշում է պարոն Մարգարյանը։ 

Չնայած դրան` այսօր համալսարանի գիտական խորհուրդը ընդունել է հայտարարություն, որտեղ պատրաստվում է տալ իր գնահատականը՝ երկրում տիրող իրավիճակի և այլ հարցերի մասին։

Հարցին, թե արդյո՞ք գիտական խորհրդի քաղաքական հայտարարությամբ հանդես գալը  նշանակում է, որ համալսարանի ռեկտորը քաղաքական գործունեություն է սկսում, Մարգարյանը պատասխանեց, որ Արմեն Դարբինյանը համալսարանի միջոցով քաղաքականություն մտնելու մտադրություն երբեք չի ունեցել․  «Եթե նա որոշի զբաղվել քաղաքականությամբ, ապա կանի դա համալսարանից դուրս»։

Մարգարյանի խոսքով՝ ռեկտորը չի մասնակցել գիտական խորհրդի նիստին  և այսօր կազմակերպված հավաքին, նույնպես, նա ներկա չի գտնվել։

«Մեր համալսարանի գիտական խորհուրդը երբեք քաղաքական հայտարարություններով հանդես չի եկել, սակայն, հաշվի առնելով այս վերջին իրադարձությունները, համալսարանն իր պատմության ընթացքում առաջին անգամ հանդես կգա մի հայտարարությամբ, որտեղ կլինեն քաղաքական գնահատակններ»,- նշեց պարոն Մարգարյանը։ 

Սյուզի Սիրականյան