Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
Հասարակություն
17:41, 01 февраль 2022
ՀՀ դատախազությունը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջով, մինչ այս պահը զերծ է մնացել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որևէ հրապարակումից։ Սակայն նկատի ունենալով, որ այդ հարցը դարձել է լայն քննարկման առարկա դատավորների և փաստաբանների, այդ թվում՝ հենց դատավոր Բորիս Բախշիյանին ՀՀ բարձրագույն դատական խորհրդում ներկայացրած փաստաբանի կողմից արված՝ իրականությանը չհամապատասխանող հրապարակումների արդյունքում, այսինքն՝ փաստացի առկա է օրենքով սահմանված երաշխիքից հրաժարում, հանրությանը մոլորեցնող, իրականացվող վարույթի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը կանխելու նպատակով ՀՀ դատախազությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել հետևյալը:

«ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալներից Ն․Մ․-ն դեռևս նախաքննության ընթացքում տվել է խոստովանական և մյուս ամբաստանյալներին մերկացնող ցուցմունք և հայտնել, որ իրեն փորձել են համոզել փոխել տված ցուցմունքները։

Նշված գործը վարույթ ընդունելուց և դատական քննության նշանակելուց հետո, բացելով առաջին դատական նիստը, դատավոր Բախշիյանը պարզել է, որ դատական նիստին չեն ներկայացել 7 ամբաստանյալներից երկուսը, այդ թվում՝ Ն․Մ-ն և վերջիններիս պաշտպանները։ Ն․Մ-ի պաշտպանը գրությամբ դատարանին հայտնել է, որ չի ներկայացել այլ գործով անհետաձգելի գործողության մասնակցելու պատճառով և այդ մասին նախապես հայտնել է Ն․Մ-ին, ով չի ցանկացել առանց իր պաշտպանի ներկա գտնվել դատական նիստին։

Նման պայմաններում, երբ ամբաստանյալների և պաշտպանների բացակայությամբ դատական նիստ շարունակելը եղել է անթույլատրելի և ամբաստանյալ Ն․Մ-ի բացակայությունը փաստացի պայմանավորված է եղել դատական վարույթին բացառապես իր պաշտպանի հետ մասնակցելու ցանկությամբ, դատավոր Բորիս Բախշիյանը դատական նիստը շարունակել է հենց բացառապես Ն․Մ․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու հարցը քննարկելու համար: Լսելով կողմերի դիրքորոշումներն այն մասին, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան և Ն․Մ․-ի խափանման միջոցի հարցը նրա և նրա պաշտպանի այդպիսի պատճառաբանությամբ բացակայության պայմաններում քննարկելը խախտում է կողմերի մրցակցությունը, զենքերի հավասարությունը, Ն. Մ.-ի՝ լսված լինելու և դիրքորոշում ներկայացնելու իրավունքը՝ դատավորը որոշում է կայացրել Ն. Մ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և նրան կալանավորելու մասին։

Ընդ որում՝ դատավոր Բորիս Բախշիյանը գործով միայն մեկ՝ առաջին դատական նիստին այդպիսի պատճառով չներկայացած Ն․Մ․-ին կալանավորելով՝ դատական նիստից բացակայող այլ պաշտպանների չներկայանալու հարգելիությունը և նրանց նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը չի քննարկել, իսկ Ն․Մ-ի պաշտպանի բացակայությունը գնահատելով անհարգելի, նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցի քննարկումը հետաձգել է՝ վերջինիս լսելու համար։ Ավելի պարզ՝ Դատավոր Բորիս Բախշիյանը Ն․Մ․-ին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրա լսվելու իրավունքն ապահովելու կալանավորել է՝ նույն նիստում դատավորության այլ մասնակցի նկատմամբ ավելի մեղմ հարկադրանքի միջոց կիրառելու հարցի քննարկումը նրա իրավունքն ապահովելու համար հետաձգելով։

Ինչպես այդ, այնպես էլ այլ գործով դատավոր Բորիս Բախշիյանի կողմից կայացված դատական ակտերից պարզ է դառնում, որ վերջինս նույն հարցի քննարկման մյուս բոլոր դեպքերում ցուցաբերել է տրամագծորեն հակառակ մոտեցում և նույն «հիմքերի» առկայության պայմաններում այլ անձանց չի կալանավորել։ Ավելին, Բորիս Բախշիյանը Բարձրագույն դատական խորհրդում ուղղակիորեն ընդունել է, որ երբեք նույն պայմաններում անձին կալանավորելու մասին որոշում չի կայացրել։

Հետևաբար Ն․Մ-ին կալանավորելիս կալանավորման հիմքերի բացակայությունը, կալանավորումը այդ դեպքում պատշաճ վարքագծի ապահովման վերջին՝ ծայրահող միջոց չհանդիսանալը, քրեական վարույթի հիմնարար սկզբունքներն ու ամբաստանյալի իրավունքները ոտնահարելը վերջինիս համար եղել են ակնհայտ։

Քրեական գործով պարզվել է նաև, որ Դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ակնհայտ ապօրինի կալանավորվելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո Ն․Մ-ին կազմակերպված խմբի կողմից հարկադրվել է հրաժարվել ցուցմունք տալուց, որից հետո, Ն․Մ-ն հաջորդ դատական նիստին, առանց հանգամանքների որևէ փոփոխության, դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ազատ է արձակվել և նույն նիստում հրաժարվել ցուցմունք տալուց ու հարցերին պատասխանելուց՝ բացառապես հայտարարելով, որ իր նկատմամբ անօրինական ազդեցություն չի գործադրվել։ Ընդ որում՝ Ն․Մ․-ն հարցաքննվել է դատավորի կողմից նախապես սահմանված՝ ապացույցների հետազոտման հաջորդականությունը միայն Ն․Մ-ին հարցաքննելու համար փոփոխելուց հետո՝ այն ամբաստանյալի խափանման միջոցի փոփոխման միջնորդության քննարկման համար, ում դեմ ցուցմունք էր տվել Ն․Մ-ն և ում կողմից վերջինիս նկատմամբ անօրինական ազդեցության մասին տվյալներ գործում առկա էին։

Ինչ վերաբերում է փաստաբանի կողմից հնչեցվող այն փաստարկին, թե Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է այն պայմաններում, երբ դատախազությունը նրա կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը չի էլ բողոքարկել, ապա պետք է նշենք, որ փաստաբանն այդ հարցի կապակցությամբ բավարար չափով պարզաբանումներ ստացել է ԲԴԽ նիստում, հետևաբար նույն մոտիվներով արված հրապարակային հայտարարությունը մանիպուլյատիվ է։

Դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ Ն․Մ․-ի պաշտպանի կողմից եղել է բողոքարկված, ինչը բավարար հիմք էր դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանում ստուգելու համար: Այնտեղ դատախազը պնդելու էր առաջին ատյանի դատարանում արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ Ն․Մ․-ի կալանավորումն ակնհայտ ապօրինի է: Սակայն Ն․Մ․-ի ազատ արձակվելուց հետո նշված բողոքը վերաքննիչ դատարանից հետ է վերցվել։

ՀՀ դատախազությունը շարունակում է զերծ մնալ դատավորի վերաբերյալ վարույթի, նկարագրված հանգամանքները անհերքելիորեն հաստատող փաստերի մասին ավելի ծավալուն տեղեկություններ հրապարակելուց՝ հորդորելով գործընկերներին ձեռնպահ մնալ փաստական հանգամանքներն ակնհայտ խեղաթյուրված ներկայացնելու և միակողմանի մեկնաբանելու միջոցով հանրային ուղղորդված, կանխակալ կարծիք ձևավորելու փորձերից։

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ի սկզբանե՝ վարույթի և դրա հիմքերի մասին բացարձակ տեղեկություն չունենալու պայմաններում դրա անօրինականության և հիմքերի բացակայության մասին պնդումներ անելը, վարույթը որպես դատավորի գործունեության նկատմամբ միջամտություն որակելն առնվազն իրավաբանական հանրությանը հարիր չէ: Դրանք երկակի ստանդարտների վառ արտահայտություն են, քանի որ ուղղակիորեն հակասում են կալանավորման հիմնավորվածության և օրինականության մասին մինչ այդ վերջիններիս կողմից ընդհուպ հրապարակային հնչեցված կարծիքներին»,-նշվում է հայտարարության մեջ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: