Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարված իրավիճակ Բերդաշենում․ Ամասիայի ՔՊ-ականները բողոքի ցույց են անցկացնում

Լարված իրավիճակ Բերդաշենում․ Ամասիայի ՔՊ-ականները բողոքի ցույց են անցկացնում
Հասարակություն
17:47, 03 февраль 2022
Խոշորացված Ամասիա համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ չհամակերպվող ՔՊ-ականներն ու նրանց համակիրներն այսօր առավոտից բողոքի ցույց էին անցկացնում նախկին Արփի համայնքի վարչական կենտրոնում՝ Բերդաշենում։ 

Համայնքապետարանի դիմաց լարված իրավիճակ էր, մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել։ Բողոքավորները բացականչում էին, որ ՔՊ-ն Արփիում ստացել է ձայների 90 տոկոսը, հետևաբար և չեն պատրաստվում Ամասիայի ընտրությունների արդյունքները ճանաչել ու հանձնել փաստաթղթերը։

«Ջեմմա Հարությունյանին չենք թողնի մոտենա մեր համայնքապետարանի շենքին, չենք թողնի փաստաթղթերը հանձնեն։ Արփիում ՔՊ-ն 90 տոկոսով ձայն տարավ, ինչի՞ պիտի փաստաթղթերը հանձնենք։

Մենք ո՛չ մարզպետ ունինք, ո՛չ էլ դեպուտատ, էն վախտ, երբ որ դեպուտատին ձայն էր պետք, նույն մարզպետը, նույն դեպուտատը կաղաչեին մեզի։ Հիմի «պասլատ» են էրել, ճիշտը որ կսենք՝ ձեր սրտին դուր չի գա՞։

Ոստիկաններն էլ, որոնք եկել են մեզի էստեղից հեռացնելու, շատ լավ հասկանում են իրավիճակը։ Մենք մեր ձայնին տեր կկանգնենք, վախենալու ոչինչ չունինք», -ասում էին ցուցարարները։

Շիրակի փոխոստիկանապետերից մեկը հավաքվածներին հորդորեց չբորբոքել կրքերը, իրենք հսկողություն են սահմանում, որպեսզի Ամասիա խոշորացված համայնքի նորընտիր իշխանության ներկայացուցիչները գան և փաստաթղթերի հանձնում-ընդունումը կատարեն։

«Չէ՛, չեն մտնի, թող պատասխանը ստանան, հեռանան, գալու իմաստ ո՞րն է»-ասում էին ցուցարարները։

Մի պահ վիճաբանություն սկսվեց ցուցարարների ու ոստիկանների հետ։ Ոստիկաններից մեկը համայնքապետարան ներս մտնող տղամարդկանց հարցրեց՝ դուք ի՞նչ գործ ունենք այստեղ, որին ի պատասխան՝ հակադարձեցին․ «Ժողովուրդը գործ ունի էստեղ, դուք ի՞նչ գործ ունիք»։

Ոստիկաններից մեկն ասաց․ «Ես ծառայություն եմ մատուցում», բնակիչը հակադարձեց․ «Ես էլ իմ ապագան եմ որոշում»։

«Էստեղի ժողովուրդը ոչ մեկից վախենալու չունի ՝ ո՛չ ոստիկանից, ո՛չ վարչապետից, ո՛չ պաշտպանության նախարարից, ո՛չ էլ մարզպետից»,-բացականչում էին ցուցարարները։

Արփիի նախկին համայնքապետ, ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ժողովուրդը իրեն չթույլատրեց հանձնել փաստաթղթերը։

Նա նաև նշեց, որ ընդունող-հանձնող հանձնաժողովի ներկայացուցիչները եկան Բերդաշեն՝ առանց Ջեմմա Հարությունյանի։

«Նրանք ներս են մտել, մենք ասինք՝ ժողովրդի պահանջն է, չենք հանձնում թղթերը, 90 տոկոսը մեր օգտին է քվեարկել։ Թողեցին, հեռացան»,- տեղեկացրեց Մերգել Ղարիբյանը։

Հիշեցնենք, որ Ամասիա խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, որը ստացավ երեք ձայն, «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը, որը ստացավ 6 ձայն և որի թեկնածուն՝ Ջեմմա Հարությունյանն, ընտրվեց համայնքապետ։

ՔՊ-ն, որը 16 ձայնով առաջ էր անցել «Արփի Ամասիա» դաշինքից, ինքնաբացարկ էր հայտնել, հրաժարվել վեց մանդատներից՝ պահանջելով նոր ընտրություններ։

Ըստ նրանց, Ամասիայի համայնքապետի պաշտոնը պիտի զբաղեցներ ՔՊ-ն։ Նրանք բողոքարկել են ընտրությունների արդյունքները՝ դիմելով Վերաքննիչ դատարան։ 

Աղբյուր՝ aravot.am