Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարկ վճարողներին հնարավորություն կտրվի ներկայացնել ստուգվող հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ

Հարկ վճարողներին հնարավորություն կտրվի ներկայացնել ստուգվող հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ
Հասարակություն
17:59, 03 февраль 2022
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ երբ ստուգման ընթացքը կասեցվում է օրենքով սահմանված կարգով, ապա պետք է երկարաձգվի նաեւ վաղեմության ժամկետի ընթացքը: Սակայն օրենքով սահմանված չէ, թե որքան պետք է երկարաձգվի այդ ժամկետը: Առաջարկվում է երկարաձգել կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով: 

Նախատեսվում է հարկ վճարողներին հնարավորություն տալ ստուգման կամ ուսումնասիրության ընթացքը կասեցված լինելու դեպքում  ներկայացնել ստուգվող (ուսումնասիրվող) հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ: 

Հորիզոնական մոնիտորինգի համակարգին վերաբերող դրույթն առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել, քանի որ ընդունումից հետո մինչ օրս որեւէ հարկ վճարող այդ համակարգից օգտվելու ցանկություն չի հայտնել: Արթուր Մանուկյանի խոսքով՝ համակարգը կարելի է փոխարինել համապատասխան գործիքակազմի կատարելագործմամբ եւ հարկային կարգապահությանն ուղղված այլ միջոցառումներով: 

Գործադիրն առաջարկելու է նաեւ, որ 1000 խոշոր հարկ վճարողների հրապարակման պահանջը չվերաբերի պետական մարմիններին եւ համայնքային կառավարչական հիմնարկներին: Նախաձեռնությունը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: