Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմի օրերին հեռացած բոլոր մեղրեցիները վերադարձել են՝ չնայած առկա խնդիրներին

Պատերազմի օրերին հեռացած բոլոր մեղրեցիները վերադարձել են՝ չնայած առկա խնդիրներին
Հասարակություն
18:01, 11 февраль 2021
«Մեղրիում նուռը հասել էր, հավաքող չկար, տղամարդիկ դիրքերում էին, սահմանն էին պահում, միայն կանայք էին մնացել, իսկ բերքը սահմանին մոտ էր, որտեղ կրակոցներ էին հնչում», - Civic․am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի բնակիչ Գիսանե Առաքելյանը։  

Մեր զրուցակիցը նշեց, որ պատերազմի օրերին մոտ 4-5 ընտանք հեռացել էին Մեղրիից, բայց պատերազմը չավարտված վերադարձել են և իրենց կյանքով ապրում են։ 

Գիսանե Առաքելյանից հետաքրքրվեցինք, թե ինչ տրամադրվածություն ունեն՝ արդյո՞ք դեմ են, եթե Ադրբեջանը Մեղրիով Նախիջևանին կապվի․

«Որոշ մարդիկ կան համաձայն են, որոշները համաձայն չեն, որ Մեղրիով Ադրբեջանի համար ճանապարհ բացվի․ մտածում ենք, որ ապահով չի լինի»,- ասաց նա ու հավելեց, որ թեպետ մեղրեցիների մոտ խուճապ չկա, բայց անհանգիստ են․ պատերազմի ազդեցությունը դեռ ամբողջությամբ չի մարել։
Անդրադառնալով խմելու ջրին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ թեպետ խմելու ջրով ապահով են, բայց երբեմն ջուրը պղտոր է լինում և ոչ պիտանի խմելու։ 

Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ խմելու ջրի խնդիրը երկու մասի է բաժանված․ առաջինը՝ սակավաջրությունն է, որը հետևանք է ադրբեջանցիների կողմից գետի հունը փոխելուն, իսկ երկրորդ խնդիրն առաջանում է տեղումների ժամանակ՝ օրվա կարգավորիչ ջրամբարների աշխատելու հետ կապված․ «Մեղրի գետի հունը փոխվել է և ազդեցություն է ունենում սակավաջրության վրա, այսինքն Մեղրի գետով հոսող ջրերը մի առվով պակասել են։ Մեղրու գետի ջուրը ձնհալքային գետ է․ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին բարակում է, և այդ ամսիներին ցայտուն է լինում, այդ սեզոնին Մեղրին մեխանիկական ոռոգման համակարգից է օգտվում ինչն ավելի ծախսատար է։ Իսկ պղտոր ջուրը կապված է օրվա կարգավորիչ ջրամբարների աշխատելու հետ։ Հիմնականում տեղումների ժամանակ օրվա կարգավորիչ ջրամբարները ոչ արդյունավետ են աշխատում․ դա կարող է կապված լինել ոչ ճիշտ շինարարության կամ ոչ ճիշտ շահագործման հետ»։ 

Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ զարգացումներ կան Մեղրիով դեպի Նախիջևան ճանապարհ բացելու հարցում։
 
«Երկու ամիս առաջ «Հարավկովկասյան երկաթուղուց» եկել են, ուսումնասիրել տեղանքը, սակայն այլ զարգացումներ չեն եղել»,-ասաց նա։

Մեղրի համայնքը խոշորացվելուց հետո ընդգրկում է երկու քաղաք և 11 գյուղական բնակավայր։ Արմեն Սամվելյանի խոսքով Մեղրիի երեք բնակավայրերը՝ Ալվանքը, Շվանիձորն ու Նռնաձորը դարձել են սահմանային․ «Նռնաձորը շատ ավելի մոտ է սահմանին՝ մոտ երկու կմ»։  

Մեղրի համայնքապետարանի հանրային կապերի պատասխանատու Մարիամ Ծատրյանն էլ հավելեց, որ իրենց մոտ արտագաղթ չկա, բայց Զանգելանը Ադրբեջանի տիրապետության տակ անցնելուց հետո, հակառակորդը դիրքավորվել է Նռնաձոր գյուղի սահմանագծին․ աշխարհագրորեն բավական բարձր դիրքում է, և Նռնաձորը հակառակորդի նշանառության տակ է․ 

«Նռնաձորի բնակչությունը հիմնականում այգեգործությամբ է զբաղվում՝ նռան մշակմամբ, անասնապահությամբ և հիմա կաշկանդված են։ Մեղրի համայնքի գյուղատնտեսական հողերի 30 տոկոսն է այնտեղ։ Մենք, որ տարածքային կորուստ ենք ունեցել, հակառակորդն առաջ է եկել, դիրքավորվել բլրի վրա,  և Նռնաձորը դարձել է սահմանային գյուղ։ Հիմա բնակիչները կաշկանդված են»։


Նարա Մարտիրոսյան