Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդները պահանջում են ԱՊՊԱ բյուրոյի պետի հրաժարականը, վերջինս պնդում է՝ հատուցումների ծավալն է աճել՝ վերանորոգումների, պահեստամասերի գների աճ կա

ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդները պահանջում են ԱՊՊԱ բյուրոյի պետի հրաժարականը, վերջինս պնդում է՝ հատուցումների ծավալն է աճել՝ վերանորոգումների, պահեստամասերի գների աճ կա
Հասարակություն
16:18, 07 февраль 2022
«Այն վարորդը, որը վթար չունի, 28.000 դրամից իր ԱՊՊԱ-ն դարձել է 40.000  դրամ»,- այսօր ԱՊՊԱ թանկացման դեմ բողոքող վարորդները սուլիչներով քայլերթ իրականացրին դեպի ԱՊՊԱ բյուրո: Նրանք պահանջում էին թանկացման որոշման չեղարկում և ԱՊՊԱ բյուրոյի պետի հրաժարականը։ 

Լրագրողների հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակից վարորդներից մեկը նշեց, որ վերջին կետը լինելու է կառավարությունը, որտեղից էլ պահանջելու են չեղարկել օրենքը:

«Այսօրվանից թանկացումներն ուժի մեջ են մտնում, մենք ուզում ենք մեր հարցերին ստանալ լիարժեք պատասխաններ՝ ինչո՞վ են պայմանավորված թանկացումները»,- վարորդներից մեկը հարց ուղղեց ԱՊՊԱ բյուրոի ներկայացուցչին:
 
«Թանկացումները պայմանավորված են տվյալ ծառայության ինքնարժեքով, որի հիմնական մասը կազմում են հատուցումները: Հատուցումների ծավալն աճել է վերանորոգումների, պահեստամասերի գների աճի արդյունքում: Իսկ թանկացումների վերաբերյալ նախագիծը դեռևս դեկտեմբեր ամսին տեղադրվել էր բյուրոյի կայքում: Որոշումն էլ կայացվել է դեկտեմբերի վերջին»,- պատասխանեց ԱՊՊԱ բյուրոյի ներկայացուցիչը:

«Մենք շաբաթը մեկ չենք մտնում բյուրոյի կայքը տնտղում, դուք թվարկեցիք թանկացումները՝ ավտոպահեստամասեր և այլն, իսկ վարորդի շահերը ինչո՞ւ հաշվի չեն առնվել»,- արձագանքեցին վարորդները:

«Եթե հատուցումները մեծանում են, իսկ սակագինը մնում է նույնը, ի՞նչ տարբերակով պետք է հաշվի առնվեին վարորդի շահերը, ինչ-որ մի տեղից պետք է գումար ավելացվի: Հիմա մասնակից հազարից ավելի անձանցից մի մասը կարո՞ղ է պատրաստ լինել ավելացնել գումարը մյուս մասի համար: Կամ պետք է գինը թանկանար, կամ պետք է հատուցումները իրականացվեին մասնակի»,- պատասխանեց ԱՊՊԱ բյուրոյի ներկայացուցիչը:   

«ԱՊՊ-ն թանկացել է նաև այն վարորդների համար, ովքեր ընդհանրապես վթար չեն ունեցել»,- ասացին վարորդները: 
«Այդ դեպքում պատահար ունեցողներինը շատ ավելի պետք է թանկացվեր: Իսկ այն խոսակցությունները, որ ասում են՝ մեկ խոշոր պատահարով երեք հարյուր տոկոսով թանկանում է ԱՊՊԱ-ն, դա զրպարտություն է: Եթե այս սակագները ըստ ապահովագրական ընկերությունների անհատական ձևավորվի, բնականաբար որը ցածր վնասաբեր է, շատ ավելի ցածր կլինի»,-պատասխանեց ԱՊՊԱ բյուրոյի ներկայացուցիչն ու հավելեց. «Այստեղ քաղաքական որոշում չի կայացվել և չէր էլ կարող կայացվել, այս որոշումը կայացվել է հաշվարկի հիման վրա»: