Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել են հարկ վճարողների հետ հանդիպումները. նպատակն է պարզաբանումներ տալ հարկ վճարողների հարցերին

Մեկնարկել են հարկ վճարողների հետ հանդիպումները. նպատակն է պարզաբանումներ տալ հարկ վճարողների հարցերին
Հասարակություն
18:24, 11 февраль 2021
Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել են հարկ վճարողների հետ հանդիպումները, որոնց նպատակն է քննարկել  տարբեր ոլորտներում առկա հարկային և  մաքսային խնդիրները։

ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում հարկ վճարողների տարբեր խմբերի ներկայացրել են համապատասխան ոլորտում հանդիպող ռիսկերը, հարկային պլանավորման հնարավոր չարաշահման ի հայտ եկած (դրսևորված) երևույթները, օրենսդրական հիմնական փոփոխությունները։

ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ  Արթուր Հարությունյանը նշել է, որ ՊԵԿ-ի կողմից իրականացվել են վերլուծություններ, այնուհետև նաև խորը ուսումնասիրություններ ռիսկերի գնահատման համար։ Ըստ Հարությունյանի՝ այս հանդիպումների նպատակն է քննարկել դրանք, ինչպես նաև լիարժեք պատասխաններ ու պարզաբանումներ տալ հարկ վճարողների հարցերին։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի խոսքով՝ նախորդ տարի ՊԵԿ-ում տեղի են ունեցել լուրջ կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ձևավորվել  է հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունը։ Արդյունքում՝ ՊԵԿ-ը կարողանում է օպերատիվ գործողություններ  կատարել հստակ տեղեկատվության հիման վրա և իրականացնել  անհրաժեշտ վերահսկող միջոցառումներ։ Չարխիֆալակյանը նշել է, որ  ՊԵԿ-ի կողմից նախաձեռնվող նման քննարկումները նպատակ ունեն  ավելի ամրապնդել պետություն-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները և ապահովել թափանցիկ,  հաշվետվողական հարկային ու մաքսային քաղաքականություն։

Նման հանդիպումների առանցքում ՊԵԿ նախագահի հանձնարարականն է, որով խնդիր է դրվել հարկ վճարողներին ժամանակին և պարբերաբար իրազեկել, թե՛ հարկային և մաքսային ոլորտներում տեղի ունեցող փոփոխություններին, թե՛ առաջիկա նախագծերին։