Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավտոտրանսպորտային միջոցների շուկան կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին. Շուկայի տարածքը պետք է սահմանազատված լինի ցանկապատով և լինի ամբողջովին ասֆալտապատված. նախագիծ

Ավտոտրանսպորտային միջոցների շուկան կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին. Շուկայի տարածքը պետք է սահմանազատված լինի ցանկապատով և լինի ամբողջովին ասֆալտապատված. նախագիծ
Հասարակություն
10:50, 10 февраль 2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել եւ հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության «Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման նախագիծը, որի նպատակը, ինչպես տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից, ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ սահմանելն է: Խոսքն այնպիսի չափանիշների մասին է, որոնք  կհամապատասխանեն տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, գրավիչ կդարձնեն ԵՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործընթացը:

Նախագծին կից հավելվածում սահմանվում են ավտոտրանսպորտային միջոցների շուկաների տարածքներին ներկայացվող պահանջները: Ըստ այդմ՝ ավտոտրանսպորտային միջոցների շուկայի ընդհանուր տարածքի մակերեսը պետք է լինի առնվազն 50.000 քառ. մետր, այդ թվում՝ փակ տարածքներինը՝ առնվազն 1.000 քառ. մետր: Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքը պետք է հստակ սահմանազատված լինի ցանկապատով և լինի ամբողջովին ասֆալտապատված։ 

Բացի այդ՝  ավտոտրանսպորտային միջոցների շուկաները պետք է ապահովված լինեն իրենց հատկացված հողատարածքի սահմաններում գործող ավտոկանգառով, որի մակերեսը չպետք է պակաս լինի, քան ավտոտրանսպորտային միջոցների շուկայի մակերեսի 10 տոկոսը։

Հիշյալ շուկայի մուտքերը պետք է կառուցվեն այնպես, որ չառաջացնեն խցանումներ: Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքը պետք է ունենա համապատասխան գետնանշումներ, տեղեկատվական ցուցանակներ և կահավորանք՝ տրանսպորտային միջոցների կայանումն ապահովելու և անվտանգ տեղաշարժը կարգավորելու համար: Շուկայի տարածքում պետք է առկա լինեն  սանիտարական հանգույցներ և հասարակական զուգարաններ, շուկայի տարածքի վերահսկման նպատակով տարածքը պետք է կահավորված լինի հեռակառավարվող տեսախցիկներով՝ տեսագրելու հնարավորությամբ։

Նախագծում նշված է նաեւ, որ ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում կազմակերպիչը /ավտոտրանսպորտային միջոցների շուկաների գործունեություն կազմակերպող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր/ պետք է նախատեսի տարածքներ՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական խմբի համար՝ տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործընթացը իրականացնելու նպատակով, տրանսպորտային միջոցների համարանիշեր պատրաստող կազմակերպության համար:

Ինչպես նաեւ՝ տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման գործընթացը կազմակերպող պետական և ոչ պետական մարմինների համար՝ անհրաժեշտ ձևակերպումները տեղում իրականացնելու նպատակով, սննդի կետերի, ավտոպահեստամասերի վաճառքի և տեխնիկական սպասարկման կետերի համար: 

Առավել մանրամասն՝ նախագծին կից հավելվածում: