Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայ-ռուսական համալսարանն առաջին անգամ հանդես կգա քաղաքական հայտարարությամբ»․ խոսնակ

«Հայ-ռուսական համալսարանն առաջին անգամ հանդես կգա քաղաքական հայտարարությամբ»․ խոսնակ
Հասարակություն
18:53, 11 февраль 2021
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հայտնի հայտարարությունից հետո, որով նա ԱԱԾ-ին և Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր իրեն հրաժարական պարտադրելու մեջ, համալսարանի պրոֆեսորադասախոսական, ադմինիստրատիվ կազմի, ուսանողների և շրջանավարտների մասնակցությամբ այսօր հավաք է կազմակերպել համալսարանի հիմնական մասնաշենքի առջև։ Հավաքի մասին երեկ նախապես հայտարարել էր համալսարանի մամուլի խոսնակ Հենրիխ Մարգարյանը, ով Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ հավաքը կազմակերպվել է ի պաշտպանություն համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի, իսկ  նպատակը ռեկտորի հանդեպ գործող վարչակազմի կողմից իրականացվող ճնշումների նկատմամբ իրենց անհամաձայնությունն արտահայտելն էր։ 

«Մեր համալսարանում միշտ եղել է ապաքաղաքական մթնոլորտ և ուսանողները միշտ են իրենց զգացել կրթական միջավայրում։ Մենք այսօր ևս մեկ անգամ վերահաստատեցինք, որ բոլորս պաշտպանում ենք այդ մթնոլորտը և դրվածքը, որը կա համալսարանի հիմնադրման օրվանից»,- նշեց Մարգարյանը։ 

Չնայած դրան՝ այսօր համալսարանի գիտական խորհուրդը ընդունել է հայտարարություն, որտեղ պատրաստվում է տալ իր գնահատականը երկրում տիրող իրավիճակի և այլ հարցերի մասին։

Հարցին, թե գիտական խորհրդի քաղաքական հայտարարությամբ հանդես գալը չի՞ նշանակում, որ համալսարանի ռեկտորը քաղաքական գործունեություն է սկսում, Մարգարյանը պատասխանեց, թե Արմեն Դարբինյանը համալսարանի միջոցով քաղաքականություն մտնելու մտադրություն երբեք չի ունեցել․ - «Եթե նա որոշի զբաղվել քաղաքականությամբ, ապա կանի դա համալսարանից դուրս»։
Մարգարյանի խոսքով՝ ռեկտորը չի մասնակցել գիտական խորհրդի նիստին  և այսօր կազմակերպված հավաքին, նույնպես, նա ներկա չի գտնվել։

«Մեր համալսարանի գիտական խորհուրդը երբեք քաղաքական հայտարարություններով հանդես չի եկել, սակայն, հաշվի առնելով այս վերջին իրադարձությունները, համալսարանը, իր պատմության ընթացքում առաջին անգամ, հանդես կգա մի հայտարարությամբ, որտեղ կլինեն քաղաքական գնահատականներ»,- նշեց խոսնակը։ 

Ի դեպ՝ ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետով՝ «ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: Իսկ քաղաքական հայտարարություն անելը արդեն իսկ քաղաքական գործունեություն է։ Ասել է թե՝ համալսարանի գիտխորհուրդը հակաօրինական գործունեությամբ է զբաղված։