Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Չաուշյանը

Մահացել է կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Չաուշյանը
Հասարակություն
11:56, 18 февраль 2022
Մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը՝ հայտնում են Հայաստանի կոմպոզիտորների միությունից:
 
Հայաստանի կոմպոզիտորների միությունը ցավակցում է կոմպոզիտորի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա երաժշտության երկրպագուներին:
 
Լևոն Չաուշյանը ծնվել է 1946 թ. մայիսի 10-ին: 1969 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1970 թվականին՝ դաշնամուրի բաժինը։ Եղել է Էդվարդ Միրզոյանի աշակերտը:
 
1973 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2003 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։
 
1979-1985 թթ. զբաղեցրել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղարի պաշտոնը, 1985-1991 թթ.՝ փոխնախագահ, 1995 թվականից՝ Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր-նախագահ։
 
Գրել է «Անհայտ զինվորին» սիմֆոնիան, սիմֆոնիկ պոեմներ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի, ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար:
 
Լևոն Չաուշյանի ստեղծագործություններից՝ ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար կոնցերտները, Փարիզում արժանացել են «Տրիբունա ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մրցանակի:
 
2009 թվականին Լևոն Չաուշյանը արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: 2021-ին կոմպոզիտորը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: