Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել

Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել
Հասարակություն
12:51, 21 февраль 2022
Այսօր`փետրվարի 20-ին, Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքն են մատուցել Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչները, հասարակական-քաղաքական և մշակութային գործիչները, Մայր Հայաստանից ժամանած հյուրեր և քաղաքացիներ:

Օրվա խորհրդի մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պետական նախարար Արտակ Բեգլարյանը  նշեց, որ պատերազմից հետո Արցախը վերստին կանգնած է վերածննդի հրամայականի առջև և պետք է հավատարիմ մնալ այն ուղենիշներին, որոնք դրել է 1988թ. Արցախյան շարժումը:
 
«Փետրվարի 20-ը մեզ համար Արցախի վերածննդի և Մայր հայրենիքի հետ վերամիացման օրն է, և, կարծում եմ, պատերազմից հետո այդ օրվա խորհուրդը շատ ավելի վառ  է արտահայտված ու կարիքը շատ ավելի սուր է, որպեսզի մենք դա գիտակցենք և, այս օրվա ուղենիշներին համապատասխան, մեր գործողություններն իրականացնենք ու պլանավորենք: Այժմ կոչը կրկին Արցախի վերածնունդն է՝ բոլոր առումներով, և, միանշանակորեն, նաև միացումը Հայաստանին, որը երկարաժամկետ առումով մնում է մեր նպատակը, սակայն դա ունի իր միջանկյալ լուծումները, իր մեխանիզմները, այդ թվում՝ անկախության միջազգային ճանաչումը: Բայց բոլորս պետք է գիտակցենք, որ առանց Մայր հայրենիքի Արցախը չի կարող գոյություն ունենալ, և հակառակը: Պետք է մեր հայրենիքի տարբեր հատվածները վերջնականորեն վերամիավորվեն, քանի որ Արցախի վերածնունդը նաև դա է նշանակում», - ասել է Ա. Բեգլարյանը: