Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ բոլոր խոշորացված համայնքներում պետք է գործեն մսուրի ծառայություններ. ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյան

ՀՀ բոլոր խոշորացված համայնքներում պետք է գործեն մսուրի ծառայություններ. ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյան
Հասարակություն
13:04, 21 февраль 2022
Այսօր՝ փետրվարի 21-ին, «Կրթության մինչև 2030թ. պետական ծրագրի նախագծի հիմնական առաջնահերթությունները և ռազմավարական ուղղությունները» թեմայով ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծեց, որ ռազմավարության հիմքում դրված սկզբունքներից մեկն այն է, որ յուրաքանչյուր ոք ունի որոշակի տաղանդ, և խնդիրը բացահայտելն է: Իսկ երկրորդ սկզբունքը՝ կրթության բոլոր էտապներում կրթությունը պետք է լինի որակյալ, մրցունակ, հիմնված լինի ազգային արժեքների վրա և նպաստի երկրի զարգացմանը: 

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, խոսելով նախադպրոցական կրթությունից, նշեց, որ պետք է հասնեն նրան, որ ՀՀ յուրաքանչյուր բնակավայրում հասանելի լինեն մատչելի նախադպրոցական ծառայությունները, և յուրաքանչյուր ընտանիք կարողանա օգտվել այդ ծառայություններից: «Հետազոտությունները փաստում են, որ վաղ մանկության զարգացումը և նախադպրոցական ծառայությունը հստակ նպաստում են դպրոցում ավելի բարձր արդյունքներ գրանցելուն: Շատ կարևորում ենք նաև մսուրի ծառայության զարգացումը, որը մեր երկրում այդքան էլ զարգացած չէ: Մեր թիրախներից մեկն է այնպես անել, որ ՀՀ բոլոր խոշորացված համայնքներում գործեն մսուրի ծառայություններ»,- ասաց նա:

Նշենք, որ նախագիծը ներկայացված է հանրային քննարկման՝ հրապարակված է e-draft.am կայքում: