Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աբովյանում 5 մահվան ելքով տեղի ունեցած վթարի համար մեղադրվող վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ մամուլի քարտուղար

Աբովյանում 5 մահվան ելքով տեղի ունեցած վթարի համար մեղադրվող վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ մամուլի քարտուղար
Հասարակություն
12:35, 23 февраль 2022
Օրերս Աբովյանում 5 մահվան ելքով տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 15-ամյա աղջիկը դեռևս գտնվում է
վերակենդանացման բաժանմունքում` անգիտակից վիճակում: Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:

Նշենք, որ փետրվարի 20-ին Արզնու խճուղու միջնամասում միմյանց էին բախվել հանդիպակաց երթևեկող «BMW X5» և «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «BMW X5»-ը բախվել էր նաև իրեն հանդիպակաց ընթացող «Opel» մակնիշի ավտոմեքենային և կանգնել։ «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենայի հինգ ուղևորները` այդ թվում վարորդը տեղում մահացել էին, իսկ 2007թ. ծնված ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդը ձերբակալվել էր:

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը մեզ հայտնեց, որ «BMW X5»-ը մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` այսինքն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: 

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը հավելեց, որ վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան և այսօր սպասում են դատական նիստի կայացմանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հշեցնենք, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանն ավելի վաղ ՖԲ իր էջում գրառել էր, որ Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխա. «Ունի գլխուղեղի և թոքերի սալջարդ, ազդրոսկրերի կոտրվածքներ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»:


Նարա Մարտիրոսյան