Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Տոնոյանը և նրա պաշտպանական խումբը շարունակելու են պահանջել հրապարակային դատավարություն. հայտարարություն

Դավիթ Տոնոյանը և նրա պաշտպանական խումբը շարունակելու են պահանջել հրապարակային դատավարություն. հայտարարություն
Հասարակություն
14:23, 23 февраль 2022
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, այժմ քրեական գործերով որպես մեղադրյալ անցնող Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հերթական հայտարարությունն է տարածել, որում հայտնում է, որ Դավիթ Տոնոյանի եւ մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստը նշանակվել է 28.02.2022թ.՝ ժամը 16:00-ին, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ փաստաբանների կողմից ներկայացված բողոքի քննության օր է նշանակված 28.02.2022թ.՝ ժամը 13:00-ին: 

Համաձայն հայտարարության՝ Դավիթ Տոնոյանը եւ նրա պաշտպանական խումբը նշանակված դատական նիստի ժամանակ շարունակելու են պահանջել բաց եւ հրապարակային դատավարություն՝ քրեական գործի նյութերում պետական եւ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների բացակայության վերաբերյալ նախկինում արված պնդումների հիման վրա:

Առաջիկայում փաստաբանական խումբը նախատեսում է անցկացնել մամուլի ասուլիս:

Հիշեցնենք՝ Տոնոյանն անազատության մեջ է 2021 թվականի սեպտեմբերի 30-ից։ Դատարանի՝ հունվարի 24-ին կայացրած որոշմամբ՝ մերժվել է նրան՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը, և վերջինս կշարունակի մնալ կալանքի տակ:

Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի և ևս 4 անձի գործն ուղարկվել է դատարան: 

Ինչպես տեղեկացրել ենք, Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար: