Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում կան հայ ընտանիքներ, որոնք ցանկություն են հայտնել տեղափոխվել Հայաստան, բայց այս պահին դժվար է կազմակերպել. Սփյուռքի գրասենյակի ներկայացուցիչ

Ուկրաինայում կան հայ ընտանիքներ, որոնք ցանկություն են հայտնել տեղափոխվել Հայաստան, բայց այս պահին դժվար է կազմակերպել. Սփյուռքի գրասենյակի ներկայացուցիչ
Հասարակություն
13:37, 25 февраль 2022
«Ուկրաինայում կան հայ ընտանիքներ, որոնք ցանկություն են հայտնել տեղափոխվել Հայաստան, սակայն քանի որ երեկվանից մեծ խնդիրներ կան Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում, մասնավորապես՝ Դոնի Ռոստովի, Ստավրոպոլի, Կրասնոդարի, Վորոնեժի օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցված է, ինչպես նաև Ուկրաինայում գրեթե բոլոր օդանավակայանները չեն աշխատում, հետևաբար այս պահին Հայաստանի կողմից դժվար է կազմակերպել հայ ընտանիքների տեղափոխման հարցը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը: 

Նրա խոսքով՝ ռուսական կողմից շատ հայ ընտանիքներ տարհանվել են Վորոնեժ և Դոնի Ռոստով քաղաքներ, իսկ ուկրաինական կողմում հայկական համայնքները տարհանվել են մասնակիորեն, օրինակ՝ շատ հայ ընտանիքներ տեղափոխվել են  Դնեպրոպետրովսկի շրջան. «Հիմա մեր դիվանագիտական ներկայացուցիչները հաշվառում են Հայաստան տեղափոխվելու ցանկություն հայտնած ընտանիքներին, և հնարավորության դեպքում ընտանիքները կտեղափոխվեն Հայաստան»:  

Ամալյա Կարապետյանը նշեց, որ իրենց տվյալների բազայում այս պահին չկա տեղեկատվություն, որ երեկ՝ ռազմական գործողությունները սկսելուց հետո,  Ուկրաինայից հայ ընտանիքներ են եկել Հայաստան. «Մենք իմանում ենք այդ ընտանիքների մասին, երբ իրենք անցնում են մեր խողովակով, այսինքն՝ որևէ տարբերակով կապ են հաստատում մեզ հետ: Դեռևս չկա ընտանիք, որ Ուկրաինայի հակամարտության գոտուց կամ ընդհանրապես Ուկրաինայից ժամանել է Հայաստան ու մեզ հետ կապ է հաստատել»: 

Ամալյա Կարապետյանը հավելեց, որ այն ընտանիքները, որոնք տեղափոխվելու հետ կապված ուզում են կապ հաստատել Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ, կարող են զանգահարել. «Թող կապ հաստատեն, որ մենք էլ հասկանանք, թե ինչպես կարող ենք ընտանիքների հետ անհատապես աշխատել: Մենք սովորաբար կապ ենք հաստատում համայնքի ղեկավարների, կազմակերպությունների հետ՝ համայնքին օգնելու համար: Ուկրաինայում կես միլիոնից ավելի հայ է բնակվում, և դժվար է անհատապես բոլորի հետ աշխատանքը: Եվ եթե կան մարդիկ, ովքեր մեր օգնության կարիքն ունեն Հայաստան հասնելու համար, կարող են միանգամից գրասենյակի հետ կապվել, որպեսզի առարկայական իրենց հետ աշխատենք, կամ կարող են կապ հաստատել Կիևում Հայաստանի դեսպանության հետ, ինչպես նաև Օդեսայում և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունների: Մոտ հարյուր հազար հայեր ապրում են հենց Դոնեցկում, Լուգանսկում և Ղրիմում, այսինքն՝ հայ համայնքը մեծաթիվ է այդ տարածաշրջանում»:  

Սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետն ընդգծեց, որ այս պահի դրությամբ ազգությամբ հայ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան, ինչպես նաև հայկական կառույցներում ավերածություններ չկան:

Նարա Մարտիրոսյան