Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավելացել են առաջին և երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ նպաստները. Մեսրոպ Առաքելյան

Ավելացել են առաջին և երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ նպաստները. Մեսրոպ Առաքելյան
Հասարակություն
19:49, 17 март 2021
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 17-ին  ներկայացրեց  2020 թվականի  կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը:

Նախարարը տեղեկացրեց, որ հաշվետու  տարում փոփոխություններ են կատարվել սոցիալական ապահովության ոլորտում, փոփոխվել են ոլորտի առաջնահերթություններն ու  նախարարության գործունեության ընթացքը: Դրանք պայմանավորված են եղել Covid-19 համավարակով եւ պատերազմով:
2020-ի հուլիսից ավելացել է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար հատկացվող նպաստը՝ 18 հազարից դառնալով 26 հազ. 500 դրամ: Առաջին եւ երկրորդ երեխաների ծննդյան  միանվագ նպաստների չափը սահմանվել է 300 հազար դրամ: Մինչ փոփոխությունը՝ առաջին երեխայի ծննդյան դեպքում ծնողը ստանում էր 50, երկրորդի դեպքում՝  150 հազար դրամ: Նվազագույն կենսաթոշակը եւս  ավելացել է՝ դառնալով 26 հազ. 500 դրամ:
Հիմնական կենսաթոշակը սահմանվել է 18 հազար դրամ, իսկ աշխատանքային 1 տարվա ստաժի  համար սահմանվել է 950 դրամ:   Փոփոխվել են նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց տրվող նպաստները:

Նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 11 միջոցառում, ինչի շրջանակում ավելի քան 25 մլրդ դրամ ուղղվել է սոցիալական  ծրագրերին: Տարբեր միջոցառումներով դրամական աջակցություն է ստացել շուրջ 1 մլն շահառու:

Նախորդ տարի՝ պատերազմից հետո, 25 մլրդ դրամ հատկացվել է Արցախի Հանրապետությանը, նախատեսվում է աջակցությունն ավելացնել շուրջ 30 մլրդ դրամով:  Նախարարությունն ունի 15 ծրագիր՝ ուղղված Արցախին: Դրանց մի մասը դեռ շարունակվում է:

Նախարարի տեղեկացմամբ՝ սոցիալական ապահովության ոլորտում նախորդ տարի եղել են նաեւ թերակատարված ծրագրեր. պատճառը  համավարակն ու պատերազմն են: