Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աջափնյակում ապօրինի ծառահատում է իրականացվել. վարչական շրջանի ղեկավարի տեղակալը հողազավթման միտում է տեսնում․ ՀԺ

Աջափնյակում ապօրինի ծառահատում է իրականացվել. վարչական շրջանի ղեկավարի տեղակալը հողազավթման միտում է տեսնում․ ՀԺ
Հասարակություն
14:28, 28 февраль 2022
Երեկ երեկոյան Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի ծառահատում է իրականացվել:

Աջափնյակի Շիրազի փողոցի բանուկ հատվածում՝ «Երեւան սիթի» սուպերմարկետի դիմաց, երկու հոգի գործիքներով գնացել ու սկսել են հաստափոր ծառերից մեկը հատել: Գործընթացը նկարահանել է տեղի շենքերից մեկի բնակիչն ու փոխանցել Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին:

Հանցագործության վերաբերյալ հաղորդումը փոխանցվել է ՀՀ ոստիկանություն, որի մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմից:

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ բացի ահազանգից՝ իրենց նաեւ տեսանյութ են փոխանցել, որտեղ երեւում է, թե ինչպես են տղամարդիկ հատում ծառը:

«Անցած շաբաթ էլ էինք տվյալ հասցեից ծառահատման վերաբերյալ ահազանգ ստացել բնակիչներից: Այդ ժամանակ դեռ ծառն ամբողջությամբ չէր հատվել, միայն ճյուղերն էին հասցրել: Թաղապետարանն իրեն լիազորված օրենքի շրջանակներում դիմել էր «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին, որոնք էլ իրենց հերթին՝ ոստիկանություն: Գործ էր հարուցվել»,- մանրամասնեց Հակոբյանը՝ հավելելով, որ երեկվա հատված ծառը հենց այն մեկն է, որի ճյուղերը դեռ նախորդ շաբաթ էին կտրել:

Ըստ տեղակալի՝ շատ հնարավոր է, որ հերթական հողազավթման փորձն է արվում՝ հետագայում այդտեղ ապօրինի շինարարություն իրականացնելու նպատակով:

«Ոստիկանությանը տեղյակ պահելուց զատ՝ տեղյակ են նաեւ վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի տեսուչները, որոնք էլ մաքսիմալ ուշադիր են լինելու, որպեսզի ժամ առաջ կանխվի ապօրինի որեւէ գործընթաց»,- ասաց նա:

ՀՀ ոստիկանությունից էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ փետրվարի 19-ին Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցից ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել երկու անձինք: Երկուսն էլ տվել են խոստովանական բացատրություն, որ մայթեզրին աճած ծառը հատել են: Վերջիններս իրենց արարքը բացատրել են նրանով, թե իբր ծառը չորացած է եղել:

ՀՀ ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: