Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Երասխում զոհված զինծառայողը 44-օրյա պատերազմի մասնակից էր, ուներ 2 անչափահաս երեխա

Այսօր Երասխում զոհված զինծառայողը 44-օրյա պատերազմի մասնակից էր, ուներ 2 անչափահաս երեխա
Հասարակություն
15:56, 07 март 2022
Գորիսի համայնքապետարանի ֆեյբուքյան էջում հրապարակվել է այսօր՝ մարտի 7-ին, ադրբեջանական զինված ուժերի կողմից հրազենային մահացու վիրավորում սատացած պայմանագրային զինծառայող Հրաչ Մանասարյանի լուսանկարը:

«Այսօր Երասխում զոհված զինծառայողը Գորիս համայնքի Ակներ բնակավայրից էր:

33-ամյա Հրաչ Մանասարյանը պայմանագրային զինծառայող էր։ Ուներ երկու անչափահաս երեխա։

Որդեկորույս Գորիսի մի զավակն էլ գնաց դեպի հավերժություն»,-նշված է հրապարակման մեջ:

Գորիսի նախկին փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Հրաչ Մանասարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնեցին, որ մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։