Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում 25 անցակետ է գործում ԵՄ երկրների հետ, կապ ենք հաստատել այն հայերի, ՀԿ-ների հետ, որոնք պատրաստ են ժամանակավոր հյուրընկալել մեր հայրենակիցներին․ Սփյուռքի գրասենյակ

Ուկրաինայում 25 անցակետ է գործում ԵՄ երկրների հետ, կապ ենք հաստատել այն հայերի, ՀԿ-ների հետ, որոնք պատրաստ են ժամանակավոր հյուրընկալել մեր հայրենակիցներին․ Սփյուռքի գրասենյակ
Հասարակություն
18:16, 07 март 2022
«Ուկրաինայից դուրս եկող տասնյակ հայ ընտանիքների օգնում ենք ժամանակավոր կանգառ ունենալ Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Ռումինիայի, Մոլդովայի տարածքում։ Ուկրաինայից այլևս կարելի է առանց ամբողջական փաստաթղթերի դուրս գալ արևմտյան երկրներ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ հայերը մեծ քանակով հատում են հիմնականում Լեհաստանի, Մոլդովայի, Ռումինիայի պետական սահմանները, իսկ Սլովակիայի ու Հունգարիայի պետական սահմանները՝ ավելի քիչ։ 

«Ուկրաինայում շուրջ 25 անցակետեր են գործում ԵՄ անդամ երկրների հետ՝ Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի և Ռումինիայի։ Մենք այս երկրներում առանձնացրել ենք կանգառի կետեր, այսինքն՝ կապ ենք հաստատել այն հայ անհատների, հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պատրաստ են տուն, հյուրանոց, կացարան, սնունդ տրամադրել,  որպեսզի Ուկրաինայից դուրս եկող մեր հայրենակիցները հայրենիք վերադառնալուց առաջ կարողանան մի քանի օր կանգառի հնարավորություն ունենալ»,- նշեց Հովհաննես Ալեքսանյանը։ 

Մեր զրուցակիցը հիշատակեց, որ ՀՀ քաղաքացիները Եվրոպական միության տարածքը պարտավոր են լքել 15-օրյա ժամկետում, քանի որ նրանք այնտեղ չեն կարող փախստականի կամ այլ կարգավիճակ ունենալ. «Ուկրաինական փաստաթղթերով մեր հայրենակիցները, ինչպես և ուկրաինացիները ԵՄ տարածքում մնալու այլ պայմաններ ունեն։ Ավելի քան 1 մլն մարդ արդեն լքել է Ուկրաինան։ Մենք այս պահին աշխատում ենք նաև Ուկրաինայի այն հայ խմբերի հետ, որոնք Խարկովից տեղափոխվում են Զապորոժիե, Կրիվոյ Ռոգից՝ Լվով, Կրիվոյ Ռոգից՝ Վիննիցա»:

Հովհաննես Ալեքսանյանն ընդգծեց, որ մեր հայրենակիցները սկսել են Ուկրաինայից դուրս գալ դեռևս հունվար ամսից սկսած, քանի որ դեկտեմբեր ամսից ռուս-ուկրաինական լարումն արդեն աստիճանաբար ուժեղանում էր։ 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետը նշեց նաև, որ Ուկրաինայում դեռևս կան հայեր, որոնք դուրս չեն գալիս երկրից, նաև կան այնպիսիք, որոնք դուրս են գալիս առանց իրենց օգնության. «Ովքեր ապրում են Ուկրաինայի սահմանամերձ հատվածներում, առանց մեր օգնության են դուրս գալիս։ Ընտանիքներ կան, որոնք դուրս չեն գալիս երկրից, քանի որ ունեն զինծառայության տարիքի ազգականներ, մի մասը շրջափակված քաղաքներում է մնացել, մի մասը չի ցանկանում իր գույքը լքել և այլն»։ 

Նարա Մարտիրոսյան