Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելն ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է. ԱՀ ՄԻՊ

Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելն ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է. ԱՀ ՄԻՊ
Հասարակություն
10:26, 09 март 2022
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել՝ ադրբեջանական կողմի Հայաստանից Արցախ եկող հիմնական գազատարի վերականգնմանը խոչընդոտելու կապակցությամբ:

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հայտարարությունը ստորև․ 

«Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
 
«Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյո՞ք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թե ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։
 
Այս պահին վերականգնման աշխատանքները ևս չեն իրականացվում ադրեբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։
 
Վթարի և գազամատակարարման խնդրի մասին տեղեկացված են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները և նրանց կողմից վարվում են բանակցություններ վերականգնման աշխատանքներ սկսելու ուղղությամբ։
 
Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար բնագավառում խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է»։