Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետարանը որևէ առնչություն չունի «Ի աջակցություն ռուս զինվորականների» ակցիայի հետ

Երևանի քաղաքապետարանը որևէ առնչություն չունի «Ի աջակցություն ռուս զինվորականների» ակցիայի հետ
Հասարակություն
17:18, 09 март 2022
Երևանի քաղաքապետարանը որևէ առնչություն չունի ռուսական լրատվամիջոցներով տարածված՝ «Ի աջակցություն ռուս զինվորականների» անունը կրող ակցիայի հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից՝ հավելելով՝ համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի՝ (մեջբերում) «հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների»։(մեջբերման ավարտը):

Բացի այդ՝ համաձայն Երևան քաղաքում ՏԻՄ օրենքի 56.1 հոդվածի՝ (մեջբերում) եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը գերազանցելու է երեք հարյուրը, ապա այդ հանրային միջոցառումն անցկացվում է համայնքի ղեկավարի տեղեկացմամբ:

Տեղեկացումն իրականացնում է հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ, կազմակերպչի նախընտրած հետևյալ եղանակներից որևէ մեկով` անձամբ, հեռախոսով կամ փոստի միջոցով (մեջբերման ավարտը):

Նշված տարբերակներից որևէ մեկով Երևանի քաղաքապետարան ոչ ոք չի դիմել:

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունից Civic.am-ին հայտնեցին, որ ոստիկանությունը չի տեղեկացվել նման հանրային միջոցառում իրականացնելու մասին եւ հանրային կարգ չի ապահովվել։

Աղբյուր՝ a1plus.am