Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2023թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա

2023թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա
Հասարակություն
14:32, 10 март 2022
Կառավարությունն այսօր նիստում ընդունեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2023 թվականի հունվարի 1-ից կբարձրանա՝ 68.000 ՀՀ դրամից դառնալով 80.000 դրամ:

Նշվում է, որ նվազագույն աշխատավարձի չափի նոր բարձրացումն անհրաժեշտաբար կբերի նաև բազային աշխատավարձի բարձրացման: Մասնավորապես՝ նվազագույն ամսական աշխատավարձը 80.000 դրամ սահմանելու պարագայում բազային աշխատավարձը պետք է բարձրացնել առնվազն 29.9 տոկոսով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ վարձու աշխատողների շուրջ 50%-ը ստանում է մինչև 110.000 դրամ աշխատավարձ, ինչով պայմանավորված՝ մեդիան աշխատավարձը ցածր է միջին աշխատավարձից։

«Եթե տեղի չունենան վարձու աշխատողների թվի նվազման և ոչ ֆորմալ հատված տեղափոխման հանգամանքները, մոտ 18 տոկոսով (այնքան, որքան առաջարկվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը) կբարձրանան նաեւ մինչև 90.000 դրամ աշխատավարձերը, որի արդյունքում որոշակի կբարձրանան մինչև 500.000 դրամ աշխատավարձերը, ինչի հետ կապված պետական բյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով կաճեն շուրջ 16.4 մլրդ դրամի չափով:

Ինչ վերաբերում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա ազդեցությանը, հայտնում ենք, որ, հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջը, ըստ որի՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը։ Բազային աշխատավարձը նվազագույն աշխատավարձի 80%-ի հաշվարկի կիրառման պարագայում նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման՝ տարեկան կտրվածքով շուրջ 99.1 մլրդ դրամի չափով»,-նշվում է նախագծում: