Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցումային արդարադատության գործիքների կիրառում, սահմանադրական բարեփոխումներ. Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում դատական և իրավական բարեփոխումների նոր՝ 2022-2026 թթ. ռազմավարությամբ

Անցումային արդարադատության գործիքների կիրառում, սահմանադրական բարեփոխումներ. Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում դատական և իրավական բարեփոխումների նոր՝ 2022-2026 թթ.  ռազմավարությամբ
Հասարակություն
12:13, 14 март 2022
ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» կառավարության որոշման  նախագիծը։  Նախագծով վեր է հանվել դատական և իրավական բարեփոխումների գործող ռազմավարության կատարողականը,  ենթարկվել համեմատական վերլուծության Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի հետ: Վերլուծության արդյունքում մշակվել է դատական և իրավական բարեփոխումների ռազմավարություն՝ ի վերանայումն 2019-2023 թթ. ռազմավարության, որը կներառի առաջիկա հինգ տարիների ընթացքում արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումները:

Ռազմավարությունը մշակելիս, ինչպես տեղեկանում ենք նախագծին կից ներկայացված հիմնավորումից,  հաշվի է առնվել ինչպես 2019-2023թթ. ռազմավարությամբ նախատեսված և չկատարված կամ թերի կատարված միջոցառումների կատարման անհրաժեշտությունը, այնպես էլ ՀՀ իրավական համակարգում և դատական իշխանությունում առկա խնդիրների վերաբերյալ այն նկատառումները և առաջարկությունները, որոնք ներկայացվել են տարբեր շահագրգիռ անձանց կողմից: «Միևնույն ժամանակ հիմք է ընդունվել դատաիրավական բարեփոխումների միջազգային առաջադեմ փորձը, որի հիման վրա սահմանվել են ռազմավարության ընդհանուր նպատակը, դրանից բխող առանձին ռազմավարական նպատակները և դրանց համապատասխան ռազմավարական ուղղությունները»,- նշված է հիմնավորման մեջ։ 

Փոփոխությունները ընդգրկում են հետևյալ նպատակները.
  • «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծում և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում ու արդիականացում
  • Անցումային արդարադատության գործիքների կիրառում՝ փաստահավաք գործունեության միջոցով մարդու իրավունքների համակարգային խախտումների բացահայտմամբ
  • Սահմանադրական բարեփոխումների իրականացում
  • Ընտրական համակարգի շարունակական բարեփոխում
  • Դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովում
  • Հանրային ծառայությունների մատուցման քաղաքացիական կենտրոնների և  էլեկտրոնային հարթակի գործարկում
  • Քրեաիրավական ոլորտի բարեփոխումներ
  • Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում
  • Վարչական և վարչական դատավարության օրենսդրության բարեփոխում
  • Սնանկության ոլորտի բարեփոխումներ
  • Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում      
  • Փաստաբանության ոլորտի զարգացում
  • Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ
  • Ռազմավարական այլ ուղղություններ
Ռազմավարության ընդունմամբ ակնկալվում է համապատասխանեցնել դատական և իրավական բարեփոխումների շրջանակը ներկայումս առկա հասարակական և իրավական զարգացումներին և պահանջմունքներին, կանխորոշել բարեփոխումների ուղղությունները՝ դրանք համապատասխանեցնելով Կառավարության նոր ծրագրով սահմանված առաջնահերթություններին։ 

Նշենք նաև, որ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշումը:

Ռազմավարության նախագծին և գործողությունների ծրագրի նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ e-draft.am