Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հեղինակավոր կինոհեռարձակող Netflix-ի համար Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող 10-12 մասանոց ֆիլմ կնկարահանվի

Հեղինակավոր կինոհեռարձակող Netflix-ի համար Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող 10-12 մասանոց ֆիլմ կնկարահանվի
Հասարակություն
11:17, 12 февраль 2021
Հեղինակավոր կինոհեռարձակող Netflix-ի համար Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող 10-12 մասանոց ֆիլմ կնկարահանվի,  այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, նշելով, որ ծրագրի հեղինակներ Ռաֆայել Թադևոսյանի և Արթուր Ալոյանի հետ քննարկել է նախագիծը:

«Հեղինակավոր կինոհեռարձակող Netflix-ի համար Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող ծրագրի հեղինակներ Ռաֆայել Թադևոսյանի և Արթուր Ալոյանի հետ քննարկեցինք նախագիծը, կատարված աշխատանքները, առաջիկա ծրագրերը և համագործակցության հնարավորությունները»,- գրել է նախարարը:

«Musk Factor» 10-12 մասանոց ֆիլմը պատմելու է չորս տղաների մասին, ովքեր անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները։

«Նախագիծը թույլ կտա աշխարհին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները: Ի դեպ, նախագծի ստեղծագործական թիմի ոգեշնչման աղբյուրը Կարեն Վարդանյանն է»,- նշել է Արշակյանը:

Ֆիլմի աշխատանքներում նախատեսվում է ներգրավել համահայկական ներուժը՝ տեխնիկական և ստեղծագործական թիմում ներառելով աշխարհի տարբեր երկրներում հաջողությունների հասած հայերի։