Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օտարերկրյա քաղաքացիները 2022 թ. հունվարին գնել են 105 միավոր, վաճառել՝ 190 միավոր անշարժ գույք. Ամենաշատ գործարքները կատարել են Ռուսաստանի քաղաքացիները

Օտարերկրյա քաղաքացիները 2022 թ. հունվարին  գնել են 105 միավոր, վաճառել՝ 190 միավոր անշարժ գույք. Ամենաշատ գործարքները կատարել են Ռուսաստանի քաղաքացիները
Հասարակություն
17:23, 17 март 2022
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ ներհոսքի արդյունքում  հայաստանյան անշարժ գույքի շուկայում  նկատելի աշխուժություն է՝  օտարերկրյա քաղաքացիների կողմից  բնակարանների գնման կամ վարձակալության տեսքով։

Civic.am-ը զրուցեց անշարժ գույքի գործակալություններից մի քանիսի հետ, որտեղից հայտնեցին, որ օտարերկրյա քաղաքացիները, մասնավորապես ՌԴ-ից եկած, ավելի շատ դիմում են բնակարանների վարձակալության նպատակով, քան գնման, նախընտրում են, որ վարձակալվող բնակարանը լինի Երևանի կենտրոնում կամ Կենտրոնին հնարավորինս մոտ տեղանքում։ Նախընտրում են  նաև Երևանին մոտ գտնվող  մարզերում բնակարան վարձակալել՝ մասնավորապես Կոտայքի մարզում՝ Պտղնիում, Ծաղկաձորում։ 
  
ՀՀ Կադաստրի կոմիտեն և Ազգային վիճակագրական կոմիտեն թեև հաշվետվության տեսքով դեռևս չեն հրապարակել ս.թ. փետրվար ամսվա դրությամբ  անշարժ գույքի շուկայում առկա պատկերը, սակայն 2022 թ.  հունվար ամսվա հաշվետվությունը ևս ուշագրավ պատկեր է վեր հանում։  Ըստ Կադաստրի կոմիտեի ՀՀ անշարժ գույքի շուկայում  օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացված առուվաճառքի գործարքների վերլուծության՝ 2022 թ.  հունվարին անշարժ գույքի աուվաճառքի 281 գործարքի (ընդհանուր գործարքների 8,5 տոկոսի) կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները։ Առուվաճառքի գործարքներից  91-ի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են միայն գնորդ, 176-ի դեպքում՝ միայն վաճառող, իսկ 14 առուվաճառքի գործարքի դեպքում  երկու կողմն էլ հանդիսացել են օտարերկրյա քաղաքացիները։ Օտարերկրյա քաղաքացիների կողմից վաճառված գույքի համամասնությունն ունի հետևյալ պատկերը՝ վաճառողները եղել են 176-ը, գնորդները՝ 91-ը, և՛ գնորդ, և՛ վաճառող՝ 14-ը։ Արդյունքում՝ 2022 թ. հունվարին օտարերկրացիները գնել են 105 միավոր և վաճառել են 190 միավոր անշարժ գույք։ Օտարերկրացիների կողմից հաշվետու ժամանակաշրջանում գնված գույքը ունեցել է հետևյալ բաշխվածությունը՝ 54 բնակարան (2021թ.-ին՝ 27), 19 բնակելի տուն (2021թ.-ին՝ 14), արտադրական նշանակության 5 շինություն (2021-ին՝ 0), հասարակական նշանակության 4 շինություն (2021թ.-ին՝ 7), 8 ավտոտնակ (2021 թ.-ին՝  8) և 15 հող (2021թ.-ին՝ 12)։ Օտարերկրյա քաղաքացիները 2022թ. հունվարին վաճառել են 89 բնակարան, 39 բնակելի տուն, արտադրական նշանակության 1, հասարակական  նշանակության՝ 4 շինություն, 5 ավտոտնակ և 52 հող։  

Հատկանշական է նաև գույքի գնման և վաճառքի համամասնությունը՝ ըստ Երևանի և ՀՀ մարզերի։ Գույքի գնման վայրի առումով «առյուծի բաժինը» Երևանինն է. այստեղ հաշվետու ժամանակաշրջանում  53 միավոր անշարժ գույք է գնվել, վաճառվել է 64-ը։ Կոտայքում 14 գույք է գնվել, վաճառվել է 20-ը, Շիրակում 9 գնվել է, 10-ը՝ վաճառվել, 6 գույք գնվել է Արարատում, 32-ը՝ վաճառվել, Արմավիրում 5 գույք է գնվել, 1-ը՝ վաճառվել։ Ոչ մի գույք օտարերկրացիները չեն գնել Սյունիքում և Վայոց ձորում, սակայն համապատասխանաբար՝ 1  և 2 գույք վաճառել են։  

Հաշվետու ժամանակաշրջանում օտարերկրյա պետությունների քաղաքացիների կողմից  գնված և վաճառված անշարժ գույքերի համամասնությունն ըստ պետությունների և տարածաշրջանների ունի հետևյալ պատկերը։  Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից, որոնք ամենաշատ գույք գնած և վաճառած քաղաքացիներն են, գնվել է 37, վաճառվել՝ 66 բնակարան, գնվել է 8 բնակելի տուն, վաճառվել՝ 31-ը, գնվել է 3  արտադրական նշանակության շինություն, վաճառվել՝ 0։ Գնվել է հասարակական նշանակության 1 շինություն, վաճառվել է 2-ը, գնվել է 7 ավտոտնակ, վաճառվել՝ 5-ը, 6 հող է գնվել, վաճառվել է 41-ը (այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության 28 հող)։ Նկատենք, որ ՌԴ քաղաքացիների կողմից հունվարի դրությամբ ավելի շատ գույք վաճառվել է (ընդամենը՝ 145), քան գնվել (ընդամենը 62)։   ԱՊՀ մյուս պետություններից՝ բացառությամբ ՌԴ-ի, օտարերկրյա քաղաքացիները 4 բնակարան, 2 բնակելի տուն են գնել և ոչ մի հող, ավտոտնակ, արտադրական և հասարակական նշանակության շինություն, վաճառել են 5 բնակարան, 2 բնակելի տուն, 4 հող, որից 2-ը՝ գյուղատնտեսական նշանակության։ Ոչ մի ավտոտնակ, հասարակական և արտադրական նշանակության շինություն չեն վաճառել։ 

Հաշվետու ժամանակաշրջանում Սիրիայի և ոչ մի քաղաքացի գույք չի գնել և չի վաճառել։  Իրանի քաղաքացի հանդիսացող անձանց կողմից 2 բնակարան է գնվել, նույնքան էլ վաճառվել է, 1 բնակելի տուն է գնվել, ոչ մի բնակելի տուն չի վաճառվել, գնվել է 1 արտադրական նշանակության շինություն և 1 հող, վաճառվել է 1 հասարակական նշանակության շինություն և 3 հող։ ՀՀ-ում հաշվետու ժամանակաշրջանում գույք են գնել և վաճառել նաև ԱՄՆ-ի, եվրոպական պետությունների և այլ պետությունների քաղաքացիներ։

Մասնավորապես եվրոպական երկրների քաղաքացիների կողմից 7 բնակարան, 1 բնակելի տուն է գնվել, վաճառվել է 8 բնակարան և 3 բնակելի տուն։ Գնվել է 1 արտադրական, 2 հասարակական նշանակության շինություն, վաճառվել է 1 արտադրական նշանակության շինություն, գնվել է 1 ավտոտնակ և 1 հող, վաճառվել՝ 1 հող։ 

Վարձակալության պատկերը՝ ըստ տեղանքի և գույքի տեսակների 


Ուշագրավ է նաև վարձակալության տրված գործարքների մասին Կոմիտեի ներկայացրած  վերլուծությունը։  (Նկատենք, որ այս հաշվետվության մեջ առանձնացված չեն այն տվյալները, թե վարձակալներից որոնք են օտարերկրացիներ)։  2022 թ. հունվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 557 վարձակալության գործարք, որոնցից ամենաբարձր տոկոսաչափը՝ 66,2  տոկոս, գրանցվել է Երևանում, իսկ ամենացածրը՝ 0,9 տոկոս, Արագածոտնում։ Հարկ  է նկատել, որ 2022 թ. հունվարին գրանցված վարձակալության գործարքների քանակը 2021 թվականի դեկտեմբերի համեմատ նվազել է 40,6 տոկոսով, իսկ 2021 թվականի հունվարի համեմատ աճել է 4,9 տոկոսով։ Վարձակալության գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 47,0 տոկոս, գրանցվել է հասարակական նշանակության շինությունների, առավել ցածր տոկոսոը՝ 2,5 տոկոս, ավտոտնակների նկատմամբ։ 

Մասնավորապես 2021-ին 107 բնակարանի վարձակալության գործարք է կնքվել,  2022-ի հունվարին՝ 96, բնակելի տան 42 գործարք է կնքվել 2021-ին,  38 գործարք էլ՝ 2022-ին։ 2021-ին արտադրական նշանակության շինության վարձակալության 40 գործարք է կնքվել, 2022-ին՝ 63, հասարակական նշանակության շինության 210 գործարք՝ 2021-ին, 2022-ին՝ 262։  2021-ին հողի վարձակալության՝ 114, իսկ 2022-ին՝ 84 գործարք է կնքվել։ 

Մայրաքաղաքում 2022 թ. հունվարին 369 վարձակալության գործարք է տեղի ունեցել, որը նախորդ տարվա  հունվարի համեմատ աճել է 40,3 տոկոսով։ Վարձակալները նախընտրել են Կենտրոնոմ անշարժ գույք վարձակալել, որոնք կազմում են գործարքների 34,7  տոկոսը, ամենաքիչը վարձակալել են Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ գործարքների 1,1 տոկոսը։ Երևանում վարձակալության ամենաբարձր տոկոսաչափը՝ 53,1 տոկոս, բաժին է հասել հասարակական նշանակության շինություններին, ամենացածր տոկոսաչափը՝ 3,8 տոկոս, ավտոտնակներին։ Մայրաքաղաքում գրանցվել է  հողերի 43 գործարք՝ 1,96 հա մակերեսով, որից 1 միավորը՝ 0,01 հա մակերեսով, սերվիտուտի իրավունքի գրանցում։  

Մարզերում շատ են վարձակալել  հասարակական շինություններ, քիչ՝ բնակելի տներ 

2022 թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ  մարզերում ևս անշարժ գույքի վարձակալության գործարքների տոկոսաչափն աճել է 29,9 տոկոսով։ Միայն հունվարին իրականացվել է 188 գործարք։ Մարզերում ամենաշատը հասարակական նշանակության շինություններ են վարձակալվել, որը գործարքների 35, 1 տոկոսն է կազմում, ամենաքիչը՝ անհատական բնակելի տներ՝  9,6  տոկոս։

Հաշվետու շրջանում ոչ մի ավտոտնակ չի վարձակալվել։ Նշենք նաև, որ հողերի վարձակալության 41 գործարք է կայացել։ Մասնավորապես գյուղնշանակության՝ 24 միավոր, հասարակական կառուցապատման՝ 7 միավոր, հիդրոէլեկտրակայանների համար նախատեսված էներգետիկայի օբյեկտների հող՝ 2 միավոր (3,86 հա)։ 

Հեղինե Մանուկյան