Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Հայրապետյանի հայրը քրեական գործով ունի վկայի կարգավիճակ․ ՔԿ

Ռուբեն Հայրապետյանի հայրը քրեական գործով ունի վկայի կարգավիճակ․ ՔԿ
Հասարակություն / Իրավունք
18:43, 19 март 2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայրը՝ Ռաֆիկ Հայրապետյանը, կանչվել է Քննչական կոմիտե։ Այս մասին Civic.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Ռիմա Եգանանը։

Մեր հարցին, թե ինչ գործի շրջանակներում է Հայրապետյանը հրավիրվել ՔԿ, Եգանյանն ասաց․ «Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում Ռաֆիկ Հայրապետյանը հրավիրվել է հարցաքննության՝ վկայի դատավարական կարգավիճակով»։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն):

Նրան մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով: Հայրապետյանի հանդեպ հետախուզում էր հայտարարվել։ Նույն մեղադրանքները ներկայացվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, որին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է։