Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայհոյախոսությամբ մխիթարվող Արմեն Աշոտյանը կրկին հրավիրվել է ոստիկանություն․ նրա միակ հույսը իր կողմից «անորակ կադր» որակված ԵՄ դեսպանն է

Հայհոյախոսությամբ մխիթարվող Արմեն Աշոտյանը կրկին հրավիրվել է ոստիկանություն․ նրա միակ հույսը իր կողմից «անորակ կադր» որակված ԵՄ դեսպանն է
Հասարակություն
15:18, 21 март 2022
ՀՀԿ փոխնախագահ, նախկին պատգամավոր, Կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը հրավիրվել է ոստիկանության էրեբունու բաժին։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ոստիկանություն հրավիրվելու առիթը օրեր առաջ Ֆեյսբուքում իր արած գրառումն է, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել է «հողատու», «դավաճան», «սրիկա»։

«Այս գրառման համար այսօր հրավիրվել էի Էրեբունու ոստիկանության բաժին՝ «վիրավորանքի» տխրահռչակ հոդվածով։ Եվրոմիության դեսպանին հանկարծ չասեք, կարող է հանկարծ զարթնի ու մատ թափ տա Նիկոլի վրա»,-գրել է Աշոտյանը, որն ի դեպ, ժամանակ առաջ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության առաջ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ԵՄ դեսպանին կոչել էր «սպիսատ արած» «դիվանագիտական անորակ կադր»։ «Ոչ նախորդ դեսպանն էր մի բան, ոչ էս մի դեսպանն է մի բան։ Եվրոպական միության հարգելի գործընկերներ, դադարեք Հայաստանում սպիսատ անել ձեր դիվանգիական անորակ կադրերին»,-ասել էր ՀՀԿ-ական քաղակտիվիստ Աշոտյանը։

Նա այժմ, փաստորեն, մնացել է  «անորակ կադր» ԵՄ դեսպանի մատի հույսին ու փորձում է վերջինիս ուշադրությունը հրավիրել իր անձի վրա՝  թե ճար արեք, ինձ քաղբանտարկյալ հռչակեք, քանի որ ինձ ճնշում-հալածում են ֆեյսբուքյան «վայելչախոսություններիս» համար։ ԵՄ ներկայացուցչությունը, կարծես, դեռ դատի չի տվել Աշոտյանին՝ դեսպանի հասցեին նման վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար։ 

Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը չմանրամասնեց, թե հատկապես որ գրառման համար է Աշոտյանը հրավիրվել՝ նշելով․ «Ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում ձեր նշած անձն այսօր հրավիրվել է բաժին»։