Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայից փախած քաղաքացիներից 20-ը Հայաստանում դիմել են փախստականի կարգավիճակի համար. Նելլի Դավթյան

Ուկրաինայից փախած քաղաքացիներից 20-ը Հայաստանում դիմել են փախստականի կարգավիճակի համար. Նելլի Դավթյան
Հասարակություն
19:04, 21 март 2022
Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ուկրաինայից տեղահանված քաղաքացիներից միայն 20-ն է եկել Հայաստան՝ փախստականի կարգավիճակով։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

«Փախստական ասելով պետք է նկատի ունենալ անձ՝ ով գալիս է Հայաստան եւ ապաստանի դիմում է ներկայացնում։ Ուկրաինայից փախած Հայաստանի կամ ոչ Հայաստանի քաղաքացիների թիվը միգուցե ավելի շատ լինի, որոնք իրենց միջոցներով կարողացել են հասնել Հայաստան, բայց այն մարդիկ, ովքեր դիմում են փախստականի իրավական կարգավիճակ ստանալու կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար՝ իրենց թիվը 20-ն է»,-նշեց Նելլի Դավթյանը։

Նրա խոսքով՝ ապաստանի դիմում ներկայացրած անձինք՝ փախստականները, հիմնականում կանայք եւ երեխաներ են, ինչպես նաեւ մեծ մասը ազգությամբ հայեր են։ 

Հարցին՝ Հայաստանն ունի սահմանափակում՝ քանի փախստական կարող է ընդունել՝ Նելլի Դավթյանն արձագանքեց. «Ոչ, չունի սահմանափակում, եւ զանգվածային ներհոսք փախստականության ինստիտուտի մասին է խոսքը՝ այն անձանց, ովքեր գալիս են ապաստան են հայցում՝ այս պահին նկատելի չէ»։

Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք Ուկրաինայից դեպի Հայաստան փախստականի ճամփան բռնած այդ 20 անձը ապաստան հայցողների կացարանում են տեղավորվել, մեր զրուցակիցն ընդգծեց, որ նրանք հիմնականում իրենց ծանոթների, հարազատների տանն են ապաստանել՝ մինչեւ հայցի քննությունը: «Ապաստանի հայցը երեք ամսում է քննվում»,- հիշատակեց մեր զրուցակիցը։ Հատկանշական է, որ Ուկրաինայից Հայաստան եկած էթնիկ հայերը ոչ թե ՀՀ քաղաքացիության, այլ փախստականի փաստաթղթի համար են դիմել։ Նելլի Դավթյանը պարզաբանեց, որ  ՀՀ քաղաքացիություն ստանալու հայցի քննությունը 6 ամիս է տեւում, սակայն իր տեղեկություններով դյուրացումներ են տեղի ունենալու եւ ՀՀ քաղաքացիության հայցն էլ է 3 ամսում քննվելու։

Նելլի Դավթյանի խոսքով՝ հիմնականում Հայաստանում ապաստան են հայցում Իրանի քաղաքացիները՝ ապաստան հայցելու ամենամեծ թվով դիմումներն իրենցից են ստացվում։

Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալներով ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ուկրաինայում ապրող 41 մլն մարդուց 3 մլն-ը լքել է երկիրը։

Լրացված՝ 23.03.2022թ.

Ի պատասխան մեր այն հարցի՝ արդյոք ՀՀ կառավարությունը քննարկում է աջակցության փաթեթ Ուկրաինայի այն քաղաքացիների համար, որոնք պատերազմի հետեւանքով ստիպված են եղել տեղափոխվել Հայաստան՝ ապաստան հայցողի կարգավիճակով, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը տեղեկացրեց, որ նախարարությունը ներկայումս աջակցություն տրամադրելու վերաբերյալ նախագիծ չի քննարկում։

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ փախստականների աջակցման եւ ապաստան հայցողների ծրագրի ղեկավար Սոֆի Ներսիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ Միգրացիայի ծառայություն դիմած Ուկրաինայի քաղաքացիները ապաստանի քարտով դիմել են իրենց աջակցություն ստանալու նպատակով. «Ուկրսինայի 17 քաղաքացիներ արդեն դիմել են մեզ, բոլորն էլ հայեր են, մեծ մասը կանայք եւ երեխաներ են, հղի էլ ունենք։ Դիմում են հիմնականում սոցիալական աջակցության, բնակվարձի, հիգիենայի պարագաների, դրամական, իրավաբանական աջակցություն ստանալու համար։ Արդեն իսկ եղել է դեպք, որ բնակվարձ ենք տրամադրել»։

Նարա Մարտիրոսյան