Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առողջապահության նախարարը մասնակցել է ԱՀԿ մշակած Երեխաների և դեռահասների առաջնային օգնության ձեռնարկի առցանց ներկայացմանը

Առողջապահության նախարարը մասնակցել է ԱՀԿ մշակած Երեխաների և դեռահասների առաջնային օգնության ձեռնարկի առցանց ներկայացմանը
Հասարակություն
21:13, 22 март 2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մշակած Երեխաների և դեռահասների առաջնային օգնության ձեռնարկի (գրպանի տեղեկատու) առցանց ներկայացման արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել են ԱՀԿ գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն, ԱՀԿ պաշտոնյաներ, փորձագետներ, Եվրոպայի երեք երկրների նախարարներ (Հայաստան, Հունաստան, Ռումինիա), նաև ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը, որն անմիջականորեն մասնակցել է ձեռնարկի մշակման աշխատանքերին:Առաջնային օղակում տրամադրվող բուժօգնության որակի բարելավումն առողջապահութան համակարգի կարևորագույն խնդիրներից է, ինչի գրավականներից է ապացուցահեն, բժշկագիտության առավել արդի տվյալների վրա հիմնված ուղեցույցների առկայությունը: Այդ նպատակով ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակը, Եվրոպայի առաջատար մասնագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակել և հանրությանն է ներկայացրել առաջնային օղակում մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների վարմանն ուղղված ուղեցույցների հավաքածու՝ գրպանի տեղեկատուի ձևաչափով: Այն ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են նորածնային խնամքը և հիվանդությունները, երեխայի զարգացումը, սնուցումը, առավել տարածված մանկական հիվանդությունները, հոգեկան առողջության խնդիրները, դեռահասների առողջությունը, ինչպես նաև բազմաթիվ հավելվածներ, որոնք պարունակում են գործնական տեղեկատվություն և անհրաժեշտ են առօրյա գործունեության մեջ:

«ԱՀԿ-ի հետ իրականացրած ծրագրերի շնորհիվ` Հայաստանում նվազել է մանկական մահացությունը, և պահպանվում է մանկական պատվաստումների բարձր մակարդակը: Այդուհանդերձ կան խնդիրներ, որոնց ուղղությամբ այսօր էլ առողջապահության նախարարությունն աշխատում է` նպատակ ունենալով բարձրացնելու բուժօգնության որակը, օպտիմալացնելու հոսպիատալացումները, նվազեցնելու հակաբակտերիալ միջոցների անհիմն կիրառումը, ներդնելու երեխայի զարգացման և դեռահասների առողջության բարելավմանն ուղղված ծրագրեր և այլն: Ձեռնարկի տեղայնացումը և հետագա կիրառումը Հայաստանում կօգնի տվյալ խնդիրների լուծմանը և երեխաների առողջության բարելավմանը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը: