Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄՍԾ Շիրակի տարածքային կենտրոններում սկսվել է Շիրակի մարզի միայնակ մայրերի համար զբաղվածության խթանման ծրագրի հայտավորումը

ՄՍԾ Շիրակի տարածքային կենտրոններում սկսվել է Շիրակի մարզի միայնակ մայրերի համար զբաղվածության խթանման ծրագրի հայտավորումը
Հասարակություն
21:42, 22 март 2022
Առաջին անգամ Շիրակի մարզում իրականացվում է միայնակ մայրերի զբաղվածության խթանման ծրագիր: Այն նպաստելու է մարզի աշխատունակ միայնակ մայրերի ներգրավվածությանը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում։ Միասնական սոցիալական ծառայության Շիրակի մարզի տարածքային կենտրոններում արդեն ընդունվում են ծրագրին մասնակցել ցանկացողների հայտադիմումները:

Ծրագիրն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հայաստանում Արաբական միացյալ էմիրությունների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի աջակցությամբ ու Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ:

Մարիամ Ուստյանը միայնակ է մեծացնում 13 տարեկան որդուն։ Առողջական խնդիրները խանգարում են աշխատանք գտնելու հարցում, եղած առաջարկներից միշտ նույն պատճառով հրաժարվել է։ Շիրակի մարզի միայնակ մայրերի զբաղվածության խթանման ծրագիրը թերևս եզակիներից է, որ հնարավորություն կստեղծի Մարիամի համար նոր մասնագիտություն ձեռք բերել։ Դիմում գրել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնում։

Միայնակ մայրերի նոր ծրագիրը տեխնոլոգիական ոլորտին է վերաբերում, որը աշխատաշուկայում համարվում է մրցունակ։ Առաջնահերթություն տրվում է նրանց, ովքեր դիմելու պահին չեն աշխատում, ընդգրկված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, ունեն երկու և ավելի անչափահաս երեխա։

«Ծրագիրն իրականացվելու է Շիրակի մարզում, կարող են ընդգրկվել մարզի միածնող ընտանիքի մայրերը, միայնակ մայրերը, ամուսնալուծված կանայք և այրիները»,- նշում է ՄՍԾ Գյումրիի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ մասնագետ Արմինե Եղիազարյանը։

Գյումրիի տարածքային կենտրոնում դիմումատուների թիվն այս պահին 26-ն է։  Մասնակիցները ծանոթացել են ծրագրի մանրամասներին, ցանկություն են հայտնել օգտվել զբաղվածության ապահովման հնարավորությունից։ Միայնակ մայրերի համար տարիքային սահմանափակում չկա, կրթության առումով ևս։ Ծրագրին մասնակցության համար բավարար է միջնակարգ կրթությունը։ Այն երեք փուլերով է ընթանալու։ Մասնակիցներն իրենց ընտրած մասնագիտություններով նախ ուսուցում կանցնեն, հետո կլինի գործնական պրակտիկա, որից հետո նախատեսվում է նաև աշխատանքի տեղավորում։

Ծրագրի գործնական փուլը  երեք ամսով է, որը կազմակերպվելու է ծրագրի շրջանակում համագործակցող ընկերություններում։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը աջակցելու են նաև աշխատանք գտնելու հարցում։ Պարտավորվում են ապահովել  մասնակիցների առնվազն 30%-ի զբաղվածությունը։ Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է ու թեև դիմումատուների թիվը կարող է շատ լինել, բայց անվճար ուսուցման ծրագիրը նախատեսված է 24 մասնակցի համար։

Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի տվյալներով Գյումրիում հաշվառված է 235 միայնակ մոր կարգավիճակ ունեցող կին։ Նրանց մոտ 90 տոկոսը գործազուրկ է և ընդգրկված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում։