Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավորների ուխտագնացությունը Մայր Աթոռ չեղարկվել է. «Դատավորի կիրակին» դատավորները կնշեն՝ մասնակցելով Սուրբ Գայանե եկեղեցում մատուցվող պատարագին

Դատավորների ուխտագնացությունը Մայր Աթոռ չեղարկվել է. «Դատավորի կիրակին» դատավորները կնշեն՝ մասնակցելով Սուրբ Գայանե եկեղեցում մատուցվող պատարագին
Հասարակություն
14:01, 24 март 2022
«ՀՀ դատավորների միություն» ՀԿ-ն, որի նախագահ վերջերս ընտրվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, մարտի 27-ին նախաձեռնել էր ուխտագնացություն՝ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է «Դատավորի կիրակի», որն ըստ  Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու օրացույցի՝ նշվում է մարտի 27-ին:

Նախաձեռնությանն արձագանքելով՝ Մայր Աթոռից տեղեկացրել են, որ հիշյալ օրը Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում՝ ժամը 11:00-ին, պատարագ է մատուցվելու, ուստի այդ ընթացքում ուխտագնացություն չի կարելի իրականացնել: Դատավսրների միությունն էլ որոշել է նշված օրը Սուրբ Սարգիս եկեղեցու բակից ավտոմեքենաներով ուղևորվել  դեպի Սուրբ Գայանե եկեղեցի՝ պատարագին մասնակցելու:
 
Միության կայքում այս մասին զետեղված հայտարարության մեջ նշվում է, որ ուղևորությանը կարող են մասնակցել ինչպես դատավորները, այնպես էլ բոլոր ցանկացողները: Ուշագրավ է, որ  հայտարարության մեջ ներկայացվում է օրվա խորհուրդը բացատրող առակը՝  այրի կնոջ և դատավորի մասին։ Ըստ առակի՝ մի այրի կին անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող և մարդկանցից չվախեցող դատավորին իր դատն անել: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը: Այս առակը պատմելուց հետո Հիսուս Քրիստոսը հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են:

Առակը հորդորում է ամեն ժամ աղոթել, ինչը խորհրդանշում է հոգու մշտական մղումն առ Աստված, բայց միևնույն ժամանակ իրական աղոթքի կոչ է: 

Քանի որ խոսվեց անիրավ դատավորի մասին առակից, ապա այս համատեքստւմ արժե նշել, որ «Դատավորների միության» նախագահն է մեկը,  որը հայտնի է ոչ միայն որպես նախկին նախագահ, «Մարտի 1-ի»  գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած, այլև որպես այդ նույն գործի շրջանակներում մարդկանց  քաղաքական դրդապատճառներով դատած «անիրավ»  դատավոր։ Մարտի 1-ի գործի շրջանակներում Ազարյանի կողմից դատվածներից են  Արմեն Խուրշուդյանը, Արա Հովհաննիսյանը, Ֆելիքս Գևորգյանը, Արամ Բարեղամյանը, որը ամիսներ առաջ արդարացվեց դատարանի կողմից։  Հայ ազգային կոնգրեսն էլ  2020-ին կազմել էր «Մարտի 1-ի» գործով ապօրինի վճիռներ կայացրած 50 դատավորի ցուցակ և այն ներկայացրել իշխանությանը։