Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղբանտարկյալներ դատած, ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ վճիռների պատճառ դարձած «Դատավորների միության» անդամները օրհնություն են ստացել Վեհափառից և այսօր արտահերթ նիստ հրավիրել

Քաղբանտարկյալներ դատած, ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ վճիռների պատճառ դարձած «Դատավորների միության» անդամները օրհնություն են ստացել Վեհափառից և այսօր արտահերթ նիստ հրավիրել
Հասարակություն
11:41, 28 март 2022
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ գործող «Դատավորների միություն» ՀԿ-ն այսօր, ժամը 17:30-ին, Միության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Միության կայքում այս մասին  հայտարարություն է զետեղվել, որում մասնավորապես նշված է. «ՀՀ դատավորների միության գործունեության իրականացման վայրում»՝ ՀՀ Վճռաբեկ դատարանում, հրավիրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի արտահերթ նիստ: Օրակարգում ՀՀ դատավորների միության 25-ամյա տարելիցի կազմակերպչական ու ֆինանսական հարցերի քննարկումն է և ՀՀ դատավորների միության «պատվավոր անդամի» ընտրությունը»:  
Երեկ էլ՝ Մեծ պահքի հինգերորդ կիրակին, որը կոչվում է «Դատավորի կիրակի», Դատավորների միության անդամներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մասնակցել պատարագի։ Հիշեցնենք, որ Միությունը ավելի վաղ հայտարարել էր, որ այդ օր ուխտագնացություն են  նախաձեռնել, սակայն Մայր Աթոռից տեղեկացրել են, որ հիշյալ օրը Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում՝ ժամը 11:00-ին, պատարագ է մատուցվելու, ուստի այդ ընթացքում ուխտագնացություն չի կարելի իրականացնել:  

Նշենք, որ «Վեթինգը՝ գործողության մեջ. hանրային-քաղաքացիական ճակատ՝ հանուն վեթինգի» հանրային խումբը, որի նախաձեռնողներից է նաև քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, անդրադառնալով «Դատավորների միության»  անդամների՝ Էջմիածին մեկնելու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընդունելության արժանանալու փաստին, իր ֆեյսբուքյան էջում ընդունելության  մասին վկայող լուսանկար է զետեղել՝ կից գրելով.  «Նկարներում նշմարվում են  Ալեքսանդր Ազարյանը, Զարուհի Նախշքարյանը, Դավիթ Բալայանը, Ռուբեն Ռշտունին  և այլք։ Դատավորներ, որոնցից ոմանց կատարած խախտումները քննվել են ԲԴԽ-ում կարգապահական վարույթի շրջանակներում, ոմանք, արդարադատության նախարարի ձևակերպմամբ, ԲԴԽ աջակցությամբ «պլստացել» են պատասխանատվության ենթարկվելուց։  Դատավորներ, որոնց պատճառով ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության դեմ վճիռներ են արձակվել, Հայաստանում քաղբանտարկյալ դարձած մարդիկ ու ընտանիքներ տառապել, տարիներով ազատազրկում կրել... Վեհափառը նրանց օրհնություն է տվել...»։ 

Օրեր առաջ էլ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով ՊՈՒ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հարցին, որը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, մասնավորապես հայտարարեց.  «Այն դատավորները, որոնք ձեր թիմի իշխանության ժամանակ ՀՀ-ում դատել են քաղբանտարկյալներին, հաստատապես կկարողանան դուրս մղվել դատական համակարգից, և ձեր արշինով մյուսներին չափելը չի օգնի կասեցնել այս գործընթացը»։ Ապա մասնավորապես հավելեց. «Սա վենդետա չի, այլ արդարության վերականգնում»։ 

Դատավորների միության նախագահը «քաղբանտարկյալ դատած» դատավորներից մեկն է։ 

Հեղինե Մանուկյան