Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էլեկտրաէներգիա սպառողներն արդեն կարող են հրաժարվել ՀԷՑ-ից՝ ընտրելով այլ մատակարար, բայց ՀԷՑ վերադառնալու դեպքում կվճարեն ավելի թանկ․ Սեդա Շահինյան

Էլեկտրաէներգիա սպառողներն արդեն կարող են հրաժարվել ՀԷՑ-ից՝ ընտրելով այլ մատակարար, բայց ՀԷՑ վերադառնալու դեպքում կվճարեն ավելի թանկ․ Սեդա Շահինյան
Հասարակություն
16:45, 28 март 2022
Փետրվարի 1-ից ՀՀ-ում ազատականացվել է էլեկտրական էներգետիկայի շուկան։ Եթե մինչ այս ՀՀ-ում բոլոր էներգիա սպառողներին բացառապես էլեկտրական էներգիա էր մատակարարում ՀԷՑ-ը («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ), ապա հիմա բաժանորդներն ազատ են էլեկտրաէներգիա գնելու համար ընտրել այլ մատակարար ընկերություն։ ՀԾԿՀ-ն (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը) արդեն իսկ 6 ընկերությունների տվել է լիցենզիաներ՝ սպառողներին հոսանք մատակարարելու համար։ Ներկայումս լիցենզավորված են «Օպտմիում Էներջի» ՍՊ, «Էներջի Սփլայ» ՍՊ, «Էներէքս» ՓԲ, «Էներգո Թրեյդ Սերվիս» ՓԲ, «Դաբլյու Էս Սփեշլիսթ» ՍՊ, «Էներջի Պրովայդեր» ՍՊ ընկերությունները։ Լիցենզիայի համար դիմած այլ ընկերությունների հայտերը ՀԾԿՀ-ում դեռևս քննության փուլում են։ Այսպիսով, սահմանափակվելու է ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիա իրացնելու գործառույթը, սակայն ՀԷՑ-ը շարունակելու է կատարել էլեկտրաէներգիայի բաշխիչ գործառույթը։ Նշենք, որ ըստ ՀԷՑ-ի կայքում առկա տեղեկատվության՝ ՀԷՑ-ը ներկայումս սպասարկում է ավելի քան 1 մլն սպառողի՝ ՀԾԿՀ-ի կողմից հաստատված սակագներով։ Իսկ ազատականացված շուկա մտած մատակարար ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի համար սահմանվող սակագները չեն համաձայնեցվելու ՀԾԿՀ-ի հետ։ Ինչպես նաև այն բաժանորդները, որոնք կհրաժարվեն ՀԷՑ-ից և պայմանագիր կնքեն որևէ մատակարար ընկերության հետ, իսկ այնուհետև ինչ-ինչ պատճառներով պայմանագիրը կլուծեն ու կվերադառնան հետ՝ ՀԷՑ, այլևս չեն կարողանա նախկին սակագնով վճարել՝  նրանց համար սակագինը կթանկանա։ 

Civic.am-ը թեմայի շուրջ զրուցել է ՀԾԿ հանձնաժողովի անդամ, իրավաբան Սեդա Շահինյանի հետ։

- Տիկին Շահինյան, այն պարագայում, երբ բաժանորդը ՀԷՑ-ից հրաժարվում է և պայմանագիր է կնքում այլ մատակարար ընկերության հետ, այնուհետև որևէ պատճառով կրկին վերադառնում է ՀԷՑ՝ արդեն բարձր սակագնով է հաշվարկվելու նրա ծախսած էլեկտրաէներգիան։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

- Երբ մենք սպառողին հնարավորություն ենք տալիս ընտրելու այլ մատակարար՝ մենք հնարավորություն ենք տալիս իր համար առավել բարենպաստ պայմանով ձեռք բերելու հոսանք։ Երբ ասում ենք՝ դու կարող ես հետ գալ ՀԷՑ նույն պայմաններով, այդ դեպքում առնվազն, օրինակ, հնարավորություն ենք տալիս տարվա այն սեզոնին, երբ ինձ ձեռնտու է էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություն ընտրել և օգտվել ավելի բարենպաստ պայմանով, իսկ այն ժամանակ, երբ շուկայում հոսանքը թանկ է՝ վերադառնալ ՀԷՑ և բեռ ստեղծել համակարգի մնացած սպառողների համար։  Երբ ՀԷՑ-ից դուրս է գալիս բաժանորդը, ինքն այլևս ՀԷՑ-ի պլանավորման տիրույթում չէ, և ՀԷՑ-ը իր սպառման պահանջարկը կանխատեսելիս այլևս այդ բաժանորդի սպառումը նկատի չի ունեցել։ Եվ այս պարագայում ՀԷՑ-ը տվյալ բաժանորդի ավելի պահանջարկը բավարարելու է իր համար նախապես չպլանավորած էլեկտրական էներգիայի պահանջարկի հաշվին, իսկ էլեկտրաէներգիան շուկայում ամենաթանկն է։ Այսինքն՝ ՀԷՑ-ի մնացած սպառողները սուբսիդավորելու են, կոմպենսացնելու են տվյալ մասնակցի վերադառնալու արդյունքում առաջացրած բեռը համակարգի վրա։ Գինը բարձր վճարելը պայմանական է ասված՝ սպառողն այդ պահին վճարում է այն էլեկտրական էներգիայի գինը, որը համակարգում գործում է՝ սակագինը այդ տրամաբանությամբ է որոշվում ՀԷՑ հետ գնացողի համար։ Հետ վերադառնալու արդյունքում ինչ բեռ ստեղծում ես համակարգի վրա՝ ինքդ պետք է կրես դրա ծախսը։  

- Պատկերացնենք մի իրավիճակ, երբ բաժանորդը հրաժարվում է ՀԷՑ-ից, ընտրում է որևէ մատակարար ընկերություն, այնուհետև որոշ ժամանակ անց տվյալ մատակարար ընկերությունը բարձրացնում է էլեկտրաէներգիայի սակագինը։ Եթե բաժանորդը հրաժարվի և հետ վերադառնա ՀԷՑ՝ կրկին բարձր սակագնով է հաշվարկվելու իր սպառած էներգիան, և այստեղ տուժում է բաժանորդը, որովհետև մինչև նոր մատակարար գտնելը նա պետք է ավելի վճարի։ Արդյոք Հանձնաժողովը չի՞ միջամտելու այս պարագայում՝ պարզելու արդարացվա՞ծ է մատակարարի բարձրացրած սակագինը, թե՞ ոչ, կամ էլ նախապես սահմանի սակագների փոփոխման դրույթներ։ 

- Մատակարարները հոսանք արտադրող չեն, դրանք սուբյեկտներ են, որոնք հոսանքը գնում են տարբեր աղբյուրներից՝ մեծածախ շուկայից, արտադրողներից, հնարավորություն ունեն ներկրելու։ Մատակարարների ձեռք բերած էլեկտրական էներգիայի արժեքը ևս ամեն պահի փոխվում է։ Երբ ես՝ որպես մատակարար, Ձեզ՝ որպես սպառողի, առաջարկում եմ իմ պրոդուկտը, ես Ձեզ ներկայացնում եմ բոլոր այն պայմանները, որոնց համաձայն՝ մեր պայմանագրային հարաբերությունները պետք է կառուցվեն։ Ես ասում եմ, օրինակ, Դուք վճարում եք 48 դրամ 1 կիլովատ ժամի համար, իսկ ես Ձեզ առաջարկում եմ 46 դրամ։ Եկեք հասկանանք, Դուք՝ որպես սպառող, աչքերը փակ կնքում եք պայմանագիր՝ առանց այն կարդալո՞ւ, թե՞ պետք է տեսնել՝ այդ 46-դրամանոց հոսանքը ի՞նչ պայմաններով է առաջարկվում։ Սպառողը բնականաբար հնարավորություն ունի բանակցելու հօգուտ իրեն՝ նախ պետք է տեսնել այդ գնով առաջարկվող հոսանքը ինչ ժամանակահատվածի համար է։ Եթե դա 1 ամսվա համար է, և, օրինակ, հաջորդ 11 ամիսներին գինը լինելու է անորոշ, սպառողը պետք է մտածի՝ ընտրի՞ այդ մատակարարին, թե՞ ոչ։ Կամ առնվազն այդ մատակարարման պայմանագրում պետք է կարդալ բոլոր այն հետևանքները, որոնք վրա են հասնելու պայմանագիրը վաղաժամ դադարեցնելու արդյունքում։  

- Եթե մատակարար ընկերությունը սնանկ է ճանաչվում կամ որևէ այլ պատճառով դադարեցնում է իր գործունեությունը, արդյոք այդ ընկերության բաժանորդները շարունակո՞ւմ են հոսանք ունենալ՝ մեխանիկորեն տեղափոխվելով ՀԷՑ-ի հաշվեկշռին, թե՞ մնում են առանց հոսանքի, մինչև դիմում գրեն ու վերադառնան ՀԷՑ կամ ընտրեն այլ մատակարար։   

- Բոլոր սպառողների կյանքում 2022թ. փետրվարի 1-ից ոչ մի բան չի փոխվել՝ մենք շարունակել ենք մեզ հասանելի էլեկտրական էներգիան ստանալ ՀԷՑ-ից։ Անգամ այն դեպքում, երբ Դուք ընտրեք այլ մատակարար և Ձեր հոսանքը գնեք վերջինից՝ դա չի ենթադրում որևէ կերպ, որ Ձեր պայմանագրային հարաբերությունները ՀԷՑ-ի՝ որպես երաշխավորված մատակարարի հետ դադարում են։ Դուք առնվազն իրենից ստանում եք բաշխման ծառայություն և միաժամանակ ստանում եք երաշխավորված մատակարարի ծառայություն։ Ցանկացած պարագայում, երբ Դուք զրկվեք մատակարարից հոսանք ստանալուց, դա ֆիզիկապես չեք զգա, քանի որ էլեկտրական էներգիա կշարունակի մատակարարել ՀԷՑ-ը՝ որպես երաշխավորված մատակարար։ Մեր երկրում ցանկացած սպառող ունի մշտապես էլեկտրաէներգիա ստանալու հնարավորություն՝ մինչև սպառողը ընտրի այլ մատակարար կամ ցանկանա շարունակել հոսանք ստանալ ՀԷՑ-ից։ 

- Իսկ այս դեպքում, երբ անկախ սպառողի կամքից է վերադարձ եղել ՀԷՑ, հոսանքը ևս չի՞ հաշվարկվելու նախկին սակագնով։

- Ոչ։ Անկախ նրանից, թե ինչ պարագայում է վերադարձ եղել ՀԷՑ՝ օբյեկտիվ են պատճառները, թե սուբյեկտիվ, բաժանորդը վերադառնում է որպես նոր ստատուսով սպառող։ 

- Հանձնաժողովը 6 ընկերությունների էլեկտրաէներգիա մատակարարելու լիցենզիա է տվել։ Նրանք ի՞նչ երաշխիքներ են ներկայացրել՝ քանի՞ տարի են պարտավորվել հանդիսանալ որպես մատակարար։  

- Էլեկտրաէներգետիկ շուկայի առավել ազատական նոր մոդելի անցման արդյունքում մենք ունենք նոր մասնակիցների մուտք, որոնց թվին նաև պատկանում են Ձեր նշած մատակարար կազմակերպությունները, որոնց գործունեությունը լիցենզավորվում է Հանձնաժողովի կողմից։ Նրանց գործունեությունը խթանելու նպատակով լիցենզավորման պայմաններն ու պահանջները շատ պարզ են՝ դրանք կրում են ֆորմալ բնույթ և Հանձնաժողով կոնկրետ երաշխիքների ներկայացում՝ այդ թվում նաև իրենց հետագա գործունեության նկատառումների վերաբերյալ օրենսդրությունը չի նախատեսում, որովհետև կարգավորումները ենթադրում են՝ հաշվի առնելով, որ նշված գործունեությունը մրցակցային է, և ընկերություններն իրենք են շահագրգիռ իրենց գործունեությունը կազմակերպել այնպես, որ վերջնական սպառողների համար հնարավորինս ձեռնտու, շահավետ, հուսալի ծառայությունների փաթեթ ներկայացնեն՝ այդ առումով հատուկ պահանջներ ենթաօրենսդրորեն ներկայացնելու խնդիր մենք չենք տեսել։

- Լիցենզավորված մատակարար ընկերությունների գնային քաղաքականությունը Հանձնաժողովի տիրույթում չէ, ինչպե՞ս է վերահսկվելու այդ գնային մրցակցությունը, որպեսզի սպառողը վստահ լինի, որ ինքը իր սպառած էներգիային համարժեք է վճարում։ 

- Այն հարաբերությունները, որ մենք ունենք այսօր ՀԷՑ ՓԲԸ-ի հետ, շարունակելու են պահպանվել։ ՀԷՑ-ը շարունակելու է մնալ որպես երաշխավորված մատակարար՝ բաժանորդներին էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություն, և մենք հնարավորություն ունենալով ընտրել այլ մատակարար՝ որպես սպառողներ, բնականաբար ՀԷՑ-ին փոխելուց առաջ պետք է ծանրութեթև անենք բոլոր այն պայմանները, որոնք մեզ առաջարկելու են նշված ընկերությունները։ Եվ քանի որ այդ գործունեությունը մրցակցային է՝ ցանկացած մրցակցային գործունեություն ենթադրում է, որ ես իմ ունեցած հարաբերությունները կփոխեմ միայն ինձ առաջարկած այնպիսի պայմանների դեպքում, որոնք կլինեն առավել ձեռնտու, քան գործող պայմաններն են։ 

- Իսկ Հանձնաժողովի կողմից որևէ ձևով չի՞ վերահսկվելու այդ մրցակցային շուկան՝ գների առումով։ 

- Գների առումով՝ բնավ ոչ, որովհետև ազատականացման ամբողջ տրամաբանությունն ու իմաստը կկորեր։ Դա լինելու է մրցակցային, և կողմերի նշյալ գնային հարաբերությունները չեն կարգավորվելու, բայց դա չի նշանակում, որ այդ մատակարարները գործելու են պետության վերահսկողությունից դուրս՝ իրենք որպես լիցենզավորված կազմակերպություններ շարունակելու են Հանձնաժողովի կողմից վերահսկվել, և այն նվազագույն պահանջները, որը ենթաօրենսդրությունը նախատեսում է նշված մատակարարների համար, իրենք պետք է պահեն, օրինակ՝ պետք է ունենան համապատասխան սպասարկման գրասենյակներ, պետք է սպառողին տրամադրեն հստակ տեղեկատվություն, թե ինչի մասին է առաջարկվող պայմանագիրը, ինչ իրավական հետևանքներ վրա կհասնեն, եթե այդ պայմանագիրը լուծվի, ինչպես նաև սպառողին առնչվող այլ հարցեր։  

- Սոցիալապես անապահով ընտանիքների հարցը ինչպե՞ս է կարգավորվելու։

- Իրենք շարունակելու են մնալ ՀԷՑ-ի բաժանորդներ, և իրենց հարաբերություններում շուկայի ազատականացումը չի ենթադրելու փոփոխություններ։

- Մատակարարներն ազա՞տ են մասնակցելու պետական գնումներին՝ այդպիսով վաճառել իրենց ձեռք բերած հոսանքը։

- Բնականաբար։ Եթե գնման գործընթացը կանոնակարգող ակտն այլ պահանջներ չունի, ապա մեր բնագավառի տեսանկյունից իրենք չունեն սահմանափակում։

- Փետրվարի 1-ից մինչ օրս որևէ բաժանորդ հրաժարվե՞լ է ՀԷՑ-ից, և բնակիչները կարո՞ղ են հենց այսօր էլ հրաժարվել ՀԷՑ-ից և ընտրել այլ մատակարար։

- Չունենք նման տեղեկություն՝ արդյոք որևէ բաժանորդ հրաժարվել է ՀԷՑ-ից, թե ոչ։  Ես կարծում եմ, որ դեռ չունենք նման իրողություն, քանի որ այդ մատակարարները լիցենզիաները ստացել են վերջերս՝ իրենք դեռ գործընթաց ունեն անցնելու՝ իրենց սպառողական շուկան փնտրելու, գտնելու այն աղբյուրները, որտեղից իրենք պետք է գնեն հոսանք։ Կարծում եմ՝ մոտ ապագայում կունենանք այդ ազդակները։ 
Ինչ վերաբերում է քաղաքացիներին՝ ցանկացած սպառող կարող է հենց այս պահից էլ հրաժարվել ՀԷՑ-ից։ 

- Արդյոք կա՞ ազատականացված շուկա մտնելու պարտադրանք։

- Այո՝ կա։ 2023թ. սկսած պարտադիր պայման է՝ սպառողների կոնկրետ խումբ կա, որ պետք է մտնի շուկա. դրանք կոմերցիոն սպառողներն են, և 2025թ. վերջին խմբի մտնելու ժամկետն է։ Դրանք այն ընկերություններն են, որոնց էլեկտրաէներգիայի սպառումը գերազանցում է տարեկան 1 մլն կվտ ժամը։ Իսկ այն ընկերությունները, որոնց էլեկտրաէներգիայի սպառումը չի գերազանցում տարեկան 1 մլն կվտ ժամը, նրանց վրա այդ պարտադրանքը չի գործում։ 

Նարա Մարտիրոսյան