Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օտարերկրացիների կողմից 2022-ի փետրվարին ՀՀ-ում գնվել է ընդհանուր առմամբ 112 գույք, վաճառվել է 238-ը. Ամենամեծ թվով գույք գնած օտարերկրացիները ՌԴ քաղաքացիներն են

Օտարերկրացիների կողմից 2022-ի փետրվարին ՀՀ-ում գնվել է ընդհանուր առմամբ 112 գույք, վաճառվել է 238-ը. Ամենամեծ թվով գույք գնած օտարերկրացիները ՌԴ քաղաքացիներն են
Հասարակություն
18:10, 29 март 2022
ՀՀ անշարժ գույքի շուկան հրապուրիչ է ոչ միայն տեղացիների, այլ նաև օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք ևս ներգրավված են մեր երկրի  անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող  առուվաճառքի գործարքներում։ Ինչպես հայտնի է՝ անշարժ գույքի պետական ռեգիստրը վարող, անշարժ գույքի շուկայի զարգացմանն աջակցող  մարմինը՝ ՀՀ Կադաստրի կոմիտեն, իր հաշվետվություններում   առանձնացված մասով ներկայացնում է օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացված՝ անշարժ գույքի  գնման ու վաճառքի մասին  տվյալներ։

Դատելով մամուլի բազմաթիվ հրապարակումներից՝ օտարերկրացիները, ի մասնավորի՝ Ուկրաինայի և ՌԴ քաղաքացիները, որոնց հոսքը մեր երկիր մեծացել է ռուս-ուկրաինական պատերազմից հետո, մեծ թվով անշարժ գույք են վարձակալում, գնում կամ վաճառում, ինչն էլ, բնականորեն,  աշխուժություն է մտցնում անշարժ գույքի շուկայում։ Նկատենք, որ հանրության և լրագրողական համայնքի ուշադրությունը, բացի ռուսներից և ուկրաինացիներից, վերջին շրջանում կենտրոնացած է նաև հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների կողմից մեր երկրում ունեցած գույքային վիճակի վրա։  Բավարարելով լրագրողների հետաքրքրությունը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը երեկ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ մասնավորապես Թուրքիայի քաղաքացիները մինչև օրս Հայաստանում ձեռք են բերել ոչ գյուղատնտեսական նշանակության 72 անշարժ գույք, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ 5 կամ 6։ Թովմասյանը նշել է նաև, որ ՀՀ-ում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել ցանկացած պետության քաղաքացիներ: «Իրավունքների գրանցման կետից, եթե չեմ սխալվում՝ 2002 թվականից սկսած մինչև այսօր, մենք ունեցել ենք ընդամենը 72 միավոր, որ գնվել էր Թուրքիայի քաղաքացիների կողմից: Դրանց մեծ մասը բնակարաններ էին, մի հատվածը՝ հասարակական փոքր օբյեկտներ»,- նշել է Կոմիտեի ղեկավարը։  Ադրբեջանի քաղաքացիների կողմից ՀՀ-ում գույք ձեռք բերելու մասով էլ նշել է, թե այդ երկրի քաղաքացիները ՀՀ-ում գույք են ձեռք բերում, ունենում են ճամփորդական անձնագրեր: «Որևէ այլ քաղաքացի չի գալիս իր այն անձնագրով ՀՀ-ում իր այդ գույքը ձեռք բերում: Ինքը մեզ մոտ ստանում է համապատասխան ճամփորդական անձնագիր, դա ստանալու ընթացքում բոլոր մտավախությունները փարատվում են: Եթե ունի ճամփորդական անձնագիր, նշանակում է, որ ամեն ինչ, կոպիտ ասած, «տեղը տեղին է», և ինքը գալիս է այստեղ ու ձեռք բերում համապատասխան անշարժ գույք»,- նշել է Թովմասյանը։

Civic.amուսումնասիրեց Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ 2022 թվականի փետրվար ամսվա դրությամբ անշարժ գույքի շուկայում կատարված գործարքների մասին հաշվետվությունը։  Դրանում ներառված են նաև  օտարերկրացիների կողմից իրականացված գործարքները։ Հունվարի հաշվետվությանն անդրադարձել ենք նախորդիվ։

Ըստ Կադաստրի կոմիտեի՝ 2022 թ. փետրվարին անշարժ գույքի առուվաճառքի 341 գործարքների կամ 8,7  տոկոսի դեպքում կողմ են հանդիսացել օտարերկրացիները՝ հունվարին գրանցված 281 գործարքների դիմաց։ Առուվաճառքի գործարքներից 103-ի դեպքում օտարերկրացիները հանդիսացել են միայն գնորդ, 229-ի դեպքում՝ միայն վաճառող, իսկ 9 գործարքի դեպքում գործարքի երկու կողմն էլ հանդիսացել են օտարերկրացիները։ Համեմատության համար նշենք, որ հունվար ամսին պատկերն այսպիսին էր. առուվաճառքի գործարքներից 91-ի դեպքում էին օտարերկրացիները հանդիսացել միայն գնորդ, 176-ի դեպքում՝ միայն վաճառող, իսկ 14 առուվաճառքի գործարքի դեպքում երկու կողմն էլ հանդիսացել էին օտարերկրացիները։ 2022-ի փետրվարին օտարերկրացիները գնել են 112 միավոր անշարժ գույք, վաճառել ավելի շատ՝ 238 գույք։ Հունվարին, նկատենք, օտարերկրացիները գնել էին 105 միավոր, վաճառել՝ 190 միավոր անշարժ գույք։ Փետրվարին գնված անշարժ գույքն ունի հետևյալ համամասնությունը՝ 100 բնակարան, 59 բնակելի տուն, 1 արտադրական նշանակության շինություն, 4 հասարակական նշանակության շինություն, 6 ավտոտնակ և 68 հող։

Ուշագրավ է օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքերի աշխարհագրական բաշխվածությունը։ Մասնավորապես, ամենամեծ թվով գույքը գնվել է Երևանում։ Հունվարին մայրաքաղաքում գնվել էր 53, փետրվարին գնվել է 65 գույք։  2021-ի փետրվարի համեմատ այս տարվա փետրվարին գնված գույքի թիվը նույնպես աճել է. նախորդ տարի փետրվարին գնվել էր 43 գույք։ Նկատենք նաև, որ հունվարի համեմատ  աճել է նաև այս տարվա փետրվարին օտարերկրացիների կողմից վաճառված գույքի թիվը։ Հունվարին վաճառվել էր 64, փետրվարին՝ 81 գույք։ Երևանից հետո օտարերկրացիների կողմից ամենամեծ թվով գնված գույքերը եղել են Կոտայքում՝ 19 գույք, այդ մարզում եղած 21 գույք էլ վաճառվել է։ Փետրվարին ոչ մի գույք չի գնվել Վայոց ձորում, փոխարենը 3 գույք է վաճառվել։ 
 
2022-ի փետրվարին ընդհանուր առմամբ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում գնվել է 112 գույք, վաճառվել է 238-ը։  

Օտարերկրացիների կողմից ամենամեծ թվով գնված և վաճառված գույքը եղել է բնակարանը. գնվել է 40, վաճառվել՝ 100 բնակարան։ Գնվել է 21, վաճառվել՝ 59 անհատական բնակելի տուն, գնվել է արտադրական նշանակության 9 շինություն, վաճառվել՝ 1-ը, գնվել է հասարակական նշանակության 8 շինություն, վաճառվել՝ 4-ը, գնվել է 1 ավտոտնակ, վաճառվել՝ 6-ը, գնվել է 33 հող, վաճառվել՝ 68-ը (այդ թվում՝ 44 գյուղատնտեսական նշանակության)։    
 
Առուվաճառքի սուբյեկտներն՝ ըստ երկրների

ՌԴ քաղաքացիները 2022-ի փետրվարին ամենաշատ գույքը գնած քաղաքացիներն են։  Նրանք ընդհանուր 68 գույք են գնել, որից 28-ը՝ բնակարան, 11-ը՝ բնակելի տուն, 1-ը՝ արտադրական նշանակության, 3-ը՝ հասարակական նշանակության շինություն, 7-ը՝ ավտոտնակ, 18-ը՝ հող։ Սույն ժամանակաշրջանում ՌԴ քաղաքացիները վաճառել են ընդհանուր 185 գույք, որից 72-ը՝ բնակարան, 47-ը՝ բնակելի տուն, 3-ը՝ հասարակական նշանակության շինություն, 59-ը՝ հող, որից 42-ը՝ գյուղատնտեսական նշանակության, 4-ը՝ ավտոտնակ։ Եվրոպական պետությունների քաղաքացիները գնել են 18, վաճառել՝ 13, ԱՄՆ քաղաքացիները գնել են 11, վաճառել նույնքան գույք, ԱՊՀ երկրների քաղաքացիները՝ բացառությամբ ՌԴ-ի, գնել են 6, վաճառել են 20, այլ պետությունների քաղաքացիները գնել են 6, վաճառել են 5, Իրանի քաղաքացիները գնել են ընդամենը 3, վաճառել՝ 4 գույք։ Սիրիայի և ոչ մի քաղաքացի գույք չի գնել և չի վաճառել։

2022 թվականին օտարերկրացիների կողմից գնված և վաճառված անշարժ գույքերի քանակական համեմատությունը 2021 թվականի փետրվարի և 2022 թվականի հունվարի համեմատ՝ ստորև բերված աղյուսակում։  
 
Հեղինե Մանուկյան