Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փետրվարին իրականացվել է անշարժ գույքի 758 գործարք. Վարձակալությունների ամենաբարձր տոկոսը իրականացվել է հասարակական շինությունների նկատմամբ

Փետրվարին իրականացվել է անշարժ գույքի 758 գործարք. Վարձակալությունների ամենաբարձր տոկոսը իրականացվել է հասարակական շինությունների նկատմամբ
Հասարակություն
20:16, 29 март 2022
2022 թվականի փետրվարին հունվարի համեմատ ՀՀ-ում գրանցված վարձակալության գործարքների քանակն աճել է 36,1 տոկոսով, իսկ 2021 թվականի փետրվարի համեմատ նվազել 14,1 տոկոսով։  Այս մասին Civic.am-ը տեղեկացավ անշարժ գույքի շուկայի վերաբերյալ Կադաստրի կոմիտեի  հրապարակած՝ 2022 թ. փետրվար ամսվա հաշվետվությունից։ Ս.թ. փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է վարձակալության 758 գործարք, որը կազմել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների ընդհանուր քանակի 5,3  տոկոսը։ Վարձակալության գործարքների ամենաբարձր տոկոսաչափը՝   60,7 տոկոս, գրանցվել է Երևանում, ամենացածրը՝ 0,9 տոկոս, Վայոց ձորում։ Երևանում 460 վարձակալության գործարք է գրանցվել, որը հունվարի համեմատ աճել է 24,7 տոկոսով, իսկ 2021 թվականի փետրվարի համեմատ՝ 0,4 տոկոսով։ Ամենաշատը գույք է վարձակալվել Կենտրոն վարչական շրջանում (գործարքների 37,1 տոկոսը), ամենաքիչը՝ Նորք-Մարաշում (գործարքների 0,4 տոկոսը)։   
 
2022 թվականի փետրվարին վարձակալության գործարքների ամենաբարձր տոկոսաչափը՝ 44,6 տոկոս, գրանցվել է հասարակական նշանակության շինությունների, ամենացածրը՝ 0,3 տոկոս, ավտոտնակների նկատմամբ։ ՀՀ-ում իրականացվել է հողերի վարձակալության 135 գործարք՝ 106,19 հա ընդհանուր մակերեսով։ 

2022 թ. փետրվարին իրականացվել է 141 բնակարանի վարձակալություն, մինչդեռ 2021 թվականի փետրվարին այդ թիվը 178 էր։ 2022 թ. փետրվարին անհատական բնակելի տան վարձակալության 60 գործարք է իրականացվել, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում այդ թիվը 84 էր։ Այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են հասարակական և արտադրական նշանակության շինությունների վարձակալությունների թվերը՝ մասնավորապես նախորդ տարվա 77-ի փոխարեն այս տարի վարձակալվել է 82 արտադրական նշանակության, 319 հասարակական նշանակության շինության դիմաց այս տարվա փետրվարին վարձակալվել է 338 նույնպիսի շինություն։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է նաև հողերի, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության, վարձակալության գործարքների թիվը։ Նախորդ տարի 197 հող էր վարձակալվել, այդ թվում՝ 170-ը գյուղատնտեսական նշանակության, այս տարի՝ 135,  որից 49-ը՝ գյուղատնտեսական նշանակության։    

2022 թվականին մարզերում իրականացվել է վարձակալության 298 գործարք, որը նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել  է  29,7 տոկոսով։ Ս.թ.  փետրվարին վարձակալության  գործարքների ամենաբարձր տոկոսը մարզերում կազմել է հասարակական նշանակության շինությունների նկատմամբ՝ 34, 6 տոկոս, ամենացածր տոկոսը՝ 10,1,  անհատական բնակելի տների նկատմամբ։