Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրավադրումների քանակը փետրվարին ավելացել է. Ինչ գույք են գրավադրում ՀՀ քաղաքացիները Երևանում և մարզերում

Գրավադրումների քանակը փետրվարին ավելացել է. Ինչ գույք են գրավադրում ՀՀ քաղաքացիները Երևանում և մարզերում
Հասարակություն
17:30, 30 март 2022
2020 թվականի  փետրվար ամսին անշարժ գույքի գրավադրման 1,753 գործարք  է իրականացվել, որը կազմել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական  գրանցումների ընդհանուր քանակի 12,3 տոկոսը,  ընդ որում՝ գրավադրման գործարքների 21,1 տոկոսը  գրանցվել է գյուղական բնակավայրերում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կադաստրի կոմիտեի հրապարակած՝ 2022 թվականի փետրվար ամսվա  վերաբերյալ  հաշվետվությունից։  

Ըստ այդմ՝գրավադրման գործարքների ամենաբարձր տոկոսաչափը՝ 52,2 տոկոս,  գրանցվել է Երևանում, իսկ առավել ցածր տոկոսաչափը՝ Վայոց ձորի մարզում՝ 1,2 տոկոս։ Ս.թ. փետրվարին ՀՀ-ում գրանցված գրավադրման գործարքների քանակը 2022 թ. հունվարի համեմատ աճել է 39,1 տոկոսով, իսկ 2021 թ. փետրվարի համեմատ՝ 18,8  տոկսով։  Այս տարվա փետրվարին գրավադրման գործարքների ամենաբարձր  տոկոսաչափը՝ 51,2 տոկոս,  գրանցվել է բնակարանների, առավել ցածրը՝ 0,9 տոկոս, ավտոտնակների նկատմամբ։ Հողերի նկատմամբ կատարվել է գրավադրման 197 միավոր  գործարք՝ 404.57 հա ընդհանուր մակերեսով։ Առավել մեծ՝ 250.84 հա ընդհանուր մակերեսով հողամասեր գրավադրվել են Արմավիրի մարզում։ Փետրվարին գրավադրվել են 898 բնակարան, 391 անհատական բնակելի տուն, 74 արտադրական նշանակության շինություն, 177 հասարակական նշանակության շինություն, 16  ավտոտնակ, 197 հող, այդ թվում՝ 102  գյուղատնտեսական նշանակության։ 

2022 թ. փետրվարին մայրաքաղաքում  գրանցվել է 915 գրավադրման գործարք, որը ս.թ. հունվարի համեմատ աճել է 35,6 տոկոսով, իսկ 2021 թ. փետրվարի համեմատ՝ 11,4 տոկոսով։ Երևանում գրավադրման ամենաբարձր տոկոսը գրանցվել է Արաբկիրում՝ 14,1 , ամենացածրը՝  0,5, Նուբարաշենում։

Երևանում ամենաշատը գրավադրվել են բնակարաններ, իսկ ամենաքիչը՝ ավտոտնակներ։ Երևանում փետրվարին գրավադրվել են 648 բնակարան՝ 2021-ի փետրվարին այդ թիվը 580 էր, 120 անհատական բնակելի տուն՝ 2021-ի փետրվարին այդ թիվը 108 էր, արտադրական նշանակության 25 շինություն՝ 2021-ի փետրվարին այդ թիվը 9 էր, հասարակական նշանակության 87 շինություն՝ 2021-ի փետրվարին այդ թիվը 74 էր, 12 ավտոտնակ՝ 2021-ի փետրվարին 23 էր։  2022 թ. փետրվարին գրավադրվել է 23 հող, որից 2-ը՝ գյուղատնտեսական նշանակության՝ 2021-ին այդ թիվը 27 էր։     

2022 թ.-ին մարզերում գրավադրվել են 250 բնակարան, 271 անհատական բնակելի տուն, 49 արտադրական նշանակության և 90 հասարակական նշանակության շինություն, 4 ավտոտնակ և 174 հող, որից 100-ը՝ գյուղատնտեսական նշանակության։ 

2022 թ. փետրվարին  անշարժ գույքի հիփոթեքային գրավադրման 396 գործարք է տեղի ունեցել, ընդ որում՝ նման գործարքների 11,4 տոկոսը գրանցվել է գյուղական համայնքներում։  Ս.թ. փետրվարին  հիփոթեքային գրավադրման գործարքների  քանակը նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել է 17,9 տոկոսով։ Հիշյալ գրավադրումների ամենաբարձր տոկոսաչափը՝ 75,3, կազմել է բնակարանների, իսկ ամենացածր տոկոսաչափը՝ 0,5,  ավտոտնակների նկատմամբ։ 

Հ. Մանուկյան