Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Դարբինյանը Մոսկվայում է․ նա աջակցությո՞ւն է փնտրում ռեկտորի պաշտոնում մնալու համար

Արմեն Դարբինյանը Մոսկվայում է․ նա աջակցությո՞ւն է փնտրում ռեկտորի պաշտոնում մնալու համար
Հասարակություն
12:23, 12 февраль 2021
Մինչ երեկ Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական, ադմինիստրատիվ կազմի ու ուսանողների մասնակցությամբ համալսարանի բակում հավաք էր կազմակերպվել՝ ի պաշտպանություն ռեկտոր Արմեն Դարբինյանի, որի ընթացքում որոշ դասախոսներ ու ուսանողներ իրենց հավատարմությունն էին հայտնում Արմեն Դարբինյանին և բուհի անկախությունը կապում միայն ռեկտորի անձի հետ, ռեկտոր Դարբինյանը շտապել է մեկնել Մոսկվա։ 

Մոսկվա մեկնելու լուրը Civic.am-ի հարցին ի պատասխան հաստատեց համալսարանի մամուլի խոսնակ Հենրիխ Մարգարյանը՝ հրաժարվելով պատասխանել հարցին, թե ի՞նչ օրակարգով է Դարբինյանը Մոսկվայում և արդյո՞ք Մոսկվայում փորձում է հանդիպումների միջոցով համաձայնության գալ՝ պահելու իր պաշտոնը։ «Այցի օրակարգի մասին տեղեկություն չունեմ»,- ի պատասխան ասաց խոսնակը։ 
Թերևս պատահական չէ, որ ռեկտորին սատարող հավաքը կազմակերպվել էր հենց նրա՝ Մոսկվայում գտնվելու ժամանակ՝  ռուսական կողմին ցույց տալու, թե ինչ աջակցություն ունի Դարբինյանը համալսարանում։ 

Օրեր առաջ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ էր հրապարակել՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով մեղադրել էր վարչապետին՝ ԱԱԾ-ի միջոցով իրեն ռեկտորի պաշտոնից հրաժարականի պահանջ ներկայացնելու մեջ։ 

Որոշ տեղեկություններով՝ իրականում Արմեն Դարբինյանի հրաժարականի պահանջը ռուսական կողմից է, քանի որ Դարբինյանի հարաբերությունները վերջերս սերտացել են «Սասնա Ծռեր» կուսակցության հետ, որն ակնհայտ հակառուսական ուժ է համարվում։ 

Տեղեկություններ կան, նաև, որ Դարբինյանը իր հրաժարականի պահանջի մեջ մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հիմքեր ստեղծի քաղաքական դաշտ մտնելու և ընդդիմադիր մեկնարկի համար: