Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրթիռների ձեռքբերման վերաբերյալ ճիշտ որոշում եմ կայացրել․ Դավիթ Տոնոյան

Հրթիռների ձեռքբերման վերաբերյալ ճիշտ որոշում եմ կայացրել․ Դավիթ Տոնոյան
Հասարակություն
11:50, 04 апрель 2022
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ շարունակելով պնդել, որ  Տոնոյանը խտրական կերպով է պահվում  կալանքի տակ:

Խումբը նշում է, որ դատական նիստերի դռնփակ լինելուն ավելացել է նաև տարբեր տեխնիկական պատճառներով այդ նիստերի անցկացումը 2 ամիսը մեկ անգամ: 

Ավելին, հաջորդ դատական նիստը՝ ըստ պաշտպանական կողմի, նշանակվել է 2022 թվականի մայիսի 2-ին:

«Փաստացի 3 ամիս է՝ դատարանը անգործության է մատնված: Սա գնահատում ենք որպես հոգեբանական խոշտանգում և պատժի գործադրում կալանավորված անձանց նկատմամբ, որի վերաբերյալ Դ. Տոնոյանը հայտարարել է նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ միաժամանակ պահանջելով հրապարակային քննություն: 

Նիստը նախագահող դատավոր Մնացական Հարությունյանի այն հարցին, թե որն է, ըստ նրա, դատական նիստերը դռնփակ անցկացնելու նպատակը, Դավիթ Տոնոյանը պատասխանել է՝ որպեսզի հանրությունը չտեսնի առաջադրված մեղադրանքների սին լինելը: 

Դ. Տոնոյանը վերաքննիչ դատարանում հայտարարել է նաև, որ հրթիռների ձեռքբերման վերաբերյալ ճիշտ որոշում է կայացրել, որն այդ փուլում նպաստել է ՀՀ զինված ուժերի կարողությունների բարձրացմանը, որի վառ ապացույցն է այն, որ ի հեճուկս այն հայտարարություններին, թե իբր ձեռք բերված հրթիռները չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ և ուսումնավարժական պատրաստման ընթացքում, քրեական գործով ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է հակառակը: 

Մեկ այլ կարևոր հանգամանք, որն իրական սպառնալիք է ՀՀ զինված ուժերի համալրման և մարտունակության բարձրացման համար. համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում խնդրո առարկա զինամթերքի հետագա շահագործումը ապահովելու, դրա պահպանման միջոցառումներն ապահովելու նպատակով, քանի որ զինամթերքի շահագործման վրա արգելք է դրված»,-ասված է հայտարարության մեջ: