Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանն Արմավիրի մարզում այցելել է «Ոսկենի Գինիներ» գինեգործարան

Վահան Քերոբյանն Արմավիրի մարզում այցելել է «Ոսկենի Գինիներ» գինեգործարան
Հասարակություն
18:22, 04 апрель 2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել են Արմավիրի մարզ՝ «Ոսկենի» գինեգործարանի գործունեությանն ու ընդլայնման ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Գործարանի հիմնադիր Սուսաննա Դավոյանի ուղեկցությամբ Վահան Քերոբյանը շրջել է գործարանում։ Շրջայցի ընթացքում ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ վերջին շրջանում ընկերության գինիների հանդեպ պահանջարկը մեծացել է, և առաջիկայում նպատակ կա մեծացնել արտադրական ծավալները, որին զուգահեռ նախատեսվում է նաև ընդլայնել արտահանման ծավալները։

Ներկայումս ընկերությունն արտադրում է 8 տեսակի գինիներ, որոնք արտահանվում են դեպի Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Նիդերլանդներ, Ավստրիա և Գերմանիա։ Խաղողը մթերվում է թե՛ ընկերության սեփական այգիներից, թե՛ անհատ խաղողագործներից։

Ընկերության առաջնային ծրագրերից է նաև նորագույն սարքավորումներով վերազինման գործընթացը, որը կնպաստի արտադրության ընդլայնման աշխատանքների հաջող իրականացմանը։ Այդ նպատակով ընկերությանը ներկայացվել են պետական աջակցության այն ծրագրերը, որոնք մեծապես կարող են նպաստել արտադրության ծավալների մեծացմանն ու գինու տեսականու ընդլայնմանը՝ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերը:

Այցի ընթացքում ընկերության ղեկավարության հետ քննարկվել է նաև Տնտեսության արդիականացման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է աջակցել մշակող արդյունաբերության զարգացմանը, խթանել նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացմանը և աշխատանքի արտադրողականության աճի։ Արտադրությունը մեծացնելու նպատակով ընկերությունը կօգտվի պետական աջակցության տարբեր գործիքներից։

«Ոսկենի Գինիներ»-ը (Voskeni Wines) ընտանեկան գինեգործական ընկերություն է, որը հիմնադրվել է 1925 թվականին ԱՄՆ-ում հաջողակ գործարար, ընտանիքի նախապապ Սմբատ Մաթևոսյանի կողմից։

Խորհրդային շրջանում գործունեությունն ընդհատվել է մինչև 2008 թ․, երբ հիմնադրի ժառանգները գնել են և ամբողջապես վերականգնել յուրօրինակ խաղողի տեսակների հիման վրա ազնվական գինիների արտադրությունը։