Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ոչ մի սենսացիոն բան չկա». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեկնաբանել է նրա վնասվածքի մասին լուրը

«Ոչ մի սենսացիոն բան չկա». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեկնաբանել է նրա վնասվածքի մասին լուրը
Հասարակություն
21:00, 04 апрель 2022
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեկնաբանել է նրա վնասվածքի մասին ԶԼՄ–ներում տարածված լուրը։ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ նախագահը վնասվածքը ստացել է մեկ շաբաթ առաջ։

«Ոչ մի սենսացիոն բան չկա, ցանկացած մարդ, որ ակտիվ սպորտով է զբաղվում, ժամանակ առ ժամանակ վնասվածքներ է ստանում։ Նախագահ Քոչարյանն այժմ տնային պայմաններում ինտենսիվ բուժում է ստանում։ Հանրահավաքին կմասնակցի նախագահը, թե ոչ, կախված կլինի նրա ինքնազգացողությունից»,– ասել է Միկոյանը։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաք կանցկացնեն ապրիլի 5-ին։ Այն կազմակերպվելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 6-ին Բրյուսել կատարելիք այցի նախօրեին։

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորում դահուկ քշելիս վնասվածք է ստացել։