Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էլեկտրաէներգիա սպառող բաժանորդներից 2-ն արդեն հրաժարվել են ՀԷՑ-ից. ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյան. տեսանյութ

«Երկու սպառող արդեն դուրս են եկել Հայաստանի էլեկտրական ցանցերի կարգավորման տիրույթից։ Այսինքն՝ մի սպառող ընտրել է մատակարար և իրենից է գնում էլեկտրաէներգիա՝ չկարգավորվող գներով, իսկ մյուս սպառողն էլ ստացել է որակավորված սպառողի կարգավիճակ և ինքնուրույն մասնակցում է իր էլեկտրաէներգիայի ձեռքբերմանը Էլեկտրաէներգիայի առևտիր իրականացման էլեկտրոնային հարթակում»,- այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ 

Նշենք, որ այսօր շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի բացումն էր,  փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկայի շուկան ազատականացվել է՝ ՀԷՑ-ն այլևս չի հանդիսանում էլեկտրաէներգիայի միակ մատակարարը, շուկա են մտել այլ ընկերություններ, որոնց առաջարկած գները չեն վերահսկվելու ՀԾԿՀ-ի կողմից, ինչպես նաև գործում է Էլեկտրաէներգիայի առևտիր իրականացման էլեկտրոնային հարթակը։  

Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ այդ հարթակը հնարավորություն է տալիս շուկայում, ըստ գործող կանոնների, որոշակի ազատականացում ունենալու, սակայն քայլերը շատ դանդաղ են փորձում անել, որպեսզի շուկայի մասնակիցների և սպառողների համար ռիսկերը հնարավորինս նվազագույնի հասնեն, քանի որ բոլոր կարգավորումները դեռ նոր են, և գործարկման ժամանակ երբեմն որոշ փոփոխությունների անհրաժեշտություն է լինում. «Կան սահմանված անցումային դրույթներ հենց 2022թ. համար՝ սահմանափակ քանակով արտադրող կայաններ են թույլ տրված, որպեսզի շուկա մտնեն, իսկ սպառողների համար դեռևս ոչ թե պարտադիր պահանջ է գործում, այլ գործում է հնարավորություն, այսինքն՝ սպառողը կարող է ընտրել, եթե բոլոր գործող պայմանները տնտեսապես նպատակահարմար գտնի, դուրս կգա շուկա»։

Մանրամասն՝ տեսանյութում